Պատմիչը հազաց, ծխեց վերջին անգամ չիբուխն ու սկսել կամեցավ, բայց գյուղապետը ասաց.
— Մելիք, ի՞նչ ես պատմելու այսօր։
— «Փիր»–ի պատմությունը։
— Հա՞… լավ էլ կանես։ Մարդ որքան լսում է. չի կշտանում։
Ու բոշան պատմում էր։
– Այնտեղ, մեր ետևի լեռներից հեռու, Զիվինի լեռնաշղթայի վերջին գագաթի լանջին, կա մի վայրենի վարդենու մեծ թուփ, որ տարին մի անգամ տալիս է բազմաթիվ սպիտակ անուշահոտ վարդեր, բայց ճյուղերը ավելի թանկագին և ավելի լավ վարդերով են զարդարված…
Յուրաքանչյուր լոմ թփի մոտով անցնելիս՝ պահ մի նստում է նրա հովանու տակ, ապա, կտրում է իր հագուստից, իր սրտից ու զգացմունքներից մի կտոր, կապում թփի ճյուղերին, աղոթում է և հեռանում։
«Փիր»-ի գերեզմանն է այդ լոմերի սուրբի շիրիմը։ Այնտեղ է, որ թաղվել է մի կին, մի քաջ կին։ Եվ յուրաքանչյուր լոմ, երբ պատահում է նրա վրա դիզած քարակույտին և կամ հեռվից տեսնում է գերեզմանի վրա բուսած թուփը — անշուշտ հիշում է լոմերի քաջ ցեղապետուհուն, անմահ Խաթ-Սաբային։
…Հեռու, Իրանի հողից էր եկել Լոմ-Հասանը։ Եկել ու իր կյանքը միացրել էր քաջ Խաթ-Սաբային։ Ու երբ մեռել էր, կնոջն էր հանձնել լոմերի կառավարությունը։
Եվ Խաթ-Սաբան քսան անգամ ազատել էր իր ցեղը կորստից, քսան անգամ աշխատել էր հանել նրանց թափառականությունից ու քսան անգամ առյուծի նման՝ պաշտպանել էր իր կորյուններին…
Ու ճակատագիրը հանգիստ չթողեց լոմերին ոչ մի տարի և ոչ մի օր։
Խաթ-Սաբան կորցրեց որդիներին, կորցրեց ամեն ինչ, բայց չկամեցավ թողնել ոչնչացնելու իր ցեղին, չկամեցավ արատավորելու թույլ տալ լոմերի նամուսը։
…Մի վերջին անգամ նա գլուխ անցավ մի բուռ քաջերի, կռվելով աշխատեց հեռանալ դժբախտ երկրից, լեռների այն կողմից և անցնել անցկացնել յուրայիններին այս կողմը։
Զորքը, կողոպտող ու վատ բեգը ընկան նրա ետևից։
Խաթ-Սաբան կռվելով բարձրացավ լեռները։
Եվ երբ Զիվինի գլուխը, վերջին գագաթին էր հասել, ճանապարհին թողել էր նա իր խումբից շատերին, սակայն և ջնջել էր հետապնդող զորքի մեծ մասին։
Ու խումբը գիշերել էր Զիվինի գլխին։