Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/59

Այս էջը հաստատված է

— Գնանք այլևս, մենք ավելորդ ենք այստեղ, քանի որ ոչնչով չենք կարող օգնել վիրավորին։

— Իսկ երիտասա՞րդը։

— Այլևս նրան ոչ ոք չի կարող պոկ տալ հիվանդի սնարից, մինչև որ ապահով չլինի, թե կամ պիտի ազատի նրան, կամ ձեռք քաշի։ Դա է նրա պարտքը…

Ու դուրս գնացին: Իմաստունը հուզված էր, սրտի մինչև խորքը հուզված։ Չխոսեց նա այլևս ոչ մի բառ։ Գիշերը անցկացրեց մի արմավենու տակ՝ փռված մեջքի վրա և անհունության մեջ պլպլացող աստղերը դիտելով ու երիտասարդ բժշկի արածի վրա մտածելով:

Երկու անգամ, կեսգիշերից անց, գնաց նա վիրավորի վրանը և գտավ երիտասարդին միշտ նստած, արթուն, հոգատար և ուշադրությամբ հետևող վիրավորի քնելուն, շարժումներին և հիվանդության ընթացքին։

Չհամարձակվեց խոսել և ո՛չ մի բառ։ Երկրորդ անգամին բժիշկը գլուխը բարձրացրեց, նայեց իմաստունին մի վայրկյան, ժպտաց և ասաց.

— Պիտի ազատեմ սրան…

Եվ ազատեց: Մյուս առավոտ դուրս եկավ նա վիրավորի վրանից զվարթ դեմքով, բայց հոգնած և, երբ տեսավ ընկերներին, ասաց ուրախությամբ.

— Ազատված է…

Ապա ժպտաց երջանկությամբ, ընկավ անկողնի վրա և քնեց։

Այն ժամանակ ելավ իմաստունը, երկար զննեց երիտասարդ իդեալիստի երանավետ դեմքը, մի նշանավոր գործ տեսնելուց հետո հանգիստ ու երջանիկ քնողի դիմագծերը, բարևեց ծերունուն և առավ իր գավազանը:

—Գնո՞ւմ ես, իմաստո՛ւն,— հարցրեց նրան ծերունին,— ի՞նչ անելու ես գնում, նորի՞ց թափառելու և միայնության, անապատի և կամ գլխի մեջ ճշմարտություն ու նպատակ որոնելու…

Իմաստունը դարձավ, մի րոպե կանգ առավ և ասաց.

— Ո՛չ, ծերունի, գնում եմ մարդկանց մեջ և պիտի փորձեմ իմ նմանների վշտերը ամոքելու միջոցը գործադրել. գուցե ա՛յդ է այն ճանապարհը, որ ես որոնում եմ. գուցե դրա մեջ գտնեմ մխիթարություն, գոհացումն և կամ գուցե այդպիսի վսեմ շրջափակով կարողանամ փակել նպատակախույզ խորհրդածությանս անդունդը։

— Օրհնյալ լինես,— բարձրացրեց ձեռքը նրա վրա ծերունին,— իմաստությունը քեզ հետ, գնա՛, նվիրվիր քո նմաններին, սփոփի՛ր նրանց ցավերը, և թող քո իսկ տանջանքը թեթևանա դրանով։