Դուք կարողացաք, այո՛, արծվին վար տանել, նաև իր ձագերին. բայց այստեղ՝ բարձրում, ըմբոստ ոգին թաքցրել է մի ձագն ևս, որ մեծացած՝ փորձե՛ պիտի ձեր ուղեղը, կրծե ձեր աչքերը և խարանե ձեր դեմքը։
Դուք կարողացաք, այո՛, ժողովրդյան խոհերի նժարը գծուծ դարձնելով՝ տիղմի մե հաստատել իրեն՝ ժողովրդին՝ նախիրի փոխել. բայց ըմբոստ ոգին պահել է նրա խոհերից կռած երկժանին, որ շիկացնելով՝ մղե պիտի ձեր բորբոսնած սիրտը և ձեր շահամոլ ձեռքերը գամե ձեր խաբեբա լեզվին։
Դուք կարողացաք, այո՛, վսեմ թռիչքները խաբեությամբ ձեր խոհանոցը իջեցնել և ցայտած կայծերով ձեր կերակուրը միայն պատրաստել. բայց ըմբոստ ոգին խնամել է այդ կայծերից մեկը, որ բոցավառված, մրկե պիտի ձեր բոլոր խոհանոցները և շների կերակուրը դարձնե ձեր ճարպացած ստամոքսը։
Բերո՛ւմ եմ ահա արծվի ձագը, որ մեծացել է արդեն՝ տառապողների արցունքն ուտելով։
Բերո՛ւմ եմ վսեմ խոհերից կռած երկժանին, որ շիկացել է արդեն նահատակների տանջանքներով։
Բերո՛ւմ եմ նաև ազատ մնացող ա՛յն կայծը, որ բոցավառվել է արդեն՝ ձեր խաբեության ու գծուծության պատճառած վշտերով։
Գալի՛ս է նա՝ արծվի ձագը, շիկացած երկժանին, ազատ մնացող կայծը՝ մղված ըմբոստ ոգուց։
Ճանապա՛րհ նրան։ Անցնելու է նա ձե՛զ վրա կոխելով, ձեր խոհանոցները փլեցնելով, ձեր կաղապարած բարոյականությունը ոտնակոխ անելով և ձեզ անխնա՛ ոչնչացնելով։
Իսկ այժմ, ուզում եմ և քե՛զ ապտակել, արածո՛ղ նախիր։ Մի հսկա, կրակ հանող ապտակով ուզում եմ խարան դնել քո՝ գետնին քսվող դեմքի վրա։
Ուզում եմ, որ այդ ապտակը ջարդի՛ կամ փոխի՛ քո ստորաքարշ դեմքը, որ այլևս կարմրել չգիտե, արածո՛ղ նախիր։
Ուզում եմ շանթ լինել և քո սիրտը բովել, այդ ցեխի կույտ դարձրած սիրտը, որ միայն ազատություն է մղում դեպի քո երակները, արածո՛ղ նախիր։
Եվ այդ բոլորը անելուց հետո՝ ուզում եմ լալ և արտասվել քո անկման վրա, արածո՛ղ նախիր։