Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/593

Այս էջը հաստատված է

Ավերա՛կ ես եղել, ճահի՛ճ ես դարձել։ Ավերակիդ և գարշիդ մեջ լողում ես սողունի նման և հանգիստ զգում քեզ։

Իմ ապտակը թող կարմրեցնի՛ քեզ, գա՛ղջ մթնոլորտով սնանվող նախիր։ Իմ ապտակը թող կարմրեցնի՛ քեզ, անամոթության սովոր գունատ դեղնություն։

Որպեսզի արոտ ունենաս՝ ստրկության մեջ հանգչում ես, որպես փափուկ անկողնի վրա, արածո՛ղ նախիր։ Քո խոհերը նույնքան գարշելի են, որպես ոտներիդ կայան՝ հողը։ Ձգտումներդ նույնքան բարձր են, որքան ջրի տակ իջնող աղտոտ տիղմը։

Եվ դու գոհ ես, արածո՛ղ նախիր։ Գոհ՝ քո մղումներով, գոհ՝ քո երկար աղիքով և գոհ՝ քո չորս ոտներով։

Դու գլուխդ երբե՛ք չես բարձրացնում։ Ու ինչ որ բարձրում, գլխիդ վրա պիտի որոնել, ցած ես բերում ու ցեխոտ սմբակներիդ հարմարեցնում։ Ճահճիդ մեջ ես տեսնում աստղերդ, տիղմիդ մեջ՝ քո տարածությունը։

Պարտականություններ ես սահմանել քեզ շրջապատող եղեգների ձայներից, եղջյուրներդ միմյանց դեմ ես դարձրել, միմյանցով արնոտել։

Ուզում եմ քեզ ապտակել, արածո՛ղ նախիր. խարան դնել քո ստորաքարշ դեմքի վրա։

Ահա՛ իմ շանթերը. թող խրվեն նոքա սրտիդ մեջ և թող ըմբոստ ոգին շարժե քո ճահիճը, խանձե քո արոտը և ոչինչ չթողնե քեզ՝ քո անցյալ սնունդից։


* * *

Բարձրացրու դեմքդ, արածո՛ղ նախիր, և երբեք ինքդ քեզ մի ասի՝ «Ես պարտավոր եմ», այլ միմիայն՝ «Ես ուզում եմ»։

Պարտականությունը մի ախոռ է, ուր էշեր են կապում կամ արածող և մորթելու սահմանած նախիր կուտակում։ Ո՛չ առյուծը կարող է ապրել այդ ախոռում և ո՛չ արծիվը։

Ցանկացիր անապատ, բայց երբեք այդ ախոռը։

Պարտականությունը այն գերեզմանն է, ուր հոտում է ազատություն և սեր և այլ բարձր հատկություններ… Ըմբռնո՞ւմ ես դու, արածո՛ղ նախիր, թե՞ գուցե ճահճային հասկացողությամբ պիտի մեկնես իմ ապտակը։

Պարտականությունը մի ջրաղաց է, խոնարհա՛ծ գլուխ, ուր փոշի են դառնում ձեռներեցության և անկախության ոգին… Ըմբռնո՞ւմ ես դու, տափակա՛ծ ուղեղ։