Պարտականությունը այն ստորացուցիչ նշավակի թևն է, որ առաքինություն է կոչվել և որին գամում ու նշավակում են ինչ որ մեծ է, ինչ որ վսեմ է։
Իմ ապտակը աքցան թող լինի և կորզի քեզ նշավակության անիվի վրայից։ Իմ ապտակը թող մերկացնի այն խեղկատակ դիմակը, որով քո հովիվները ծածկել են Մեդուզայի զզվելի գլուխը։
Ահա՛ իմ ապտակը։
Ահա՛ իմ հսկա ապտակը, իմ աքցանը, իմ ջնջոցը…
Ի՞նչն է, որ կոչվել է առաքինություն։
— «Եղիր խոնարհ, համեստ, բարի, համբերող։ Եղիր սիրալիր, երկայնամիտ՝ և դու առաքինի ես»— Այդպես են խրատում քեզ. և ո՛չ ոք չի եղել, որ ապտակելով քեզ՝ այդ բառերի բուն գործադրությունը պարզե քո առաջ։
Իսկ ես ասում եմ. «Կտրեցեք այդ առաքինության հրեշավոր գլուխը, շատ հաստացել է նա. կտրեցեք ոտները—շատ երկարացել է ու ծռմռվել… Կտրեցեք անխնա։
Եղեք հպարտ, հանդուգն, եղեք նույնիսկ չար, բարկացող, խիստ և կռվարար…»։
Ըմբռնո՞ւմ ես դու, արածո՛ղ նախիր, թե՞ ճահճային հասկացությամբ պիտի մեկնես ապտակս։
— «Եղիր համեստ»,— ասում են քեզ։ Եվ համեստությունը խոնարհություն ես հասկացել ու ստրուկ դարձել։ Քեզ ոչինչ վստահել չի կարելի, ստրուկ-խոնարհ։ Եվ դու գլուխդ քարշ, արածում ես միայն և աստղերդ ճահճի մեջ երազում։
— «Եղիր խոնարհ»,— ասում են քեզ։ Եվ խոնարհությունը անճարակություն ես հասկացել, և եղել ես անշնորհ, անճարակ և ապուշ։ Քեզ խղճացել են միայն, թշվառական անմիտ։ Եվ դու գլուխդ քարշ, կրել ես ամեն նախատինք, ամենի իշու բեռ և յուրաքանչյուր քայլդ վարանել ես դնելու։
— «Եղիր բարի»,— ասում են քեզ։ Եվ մեջքիդ բարձել են ամեն աղտոտություն, սրտիդ դրոշմել ամեն գծուծություն։ Տվել ես ամեն ունեցածդ և ինքդ մնացել ձեռնունայն. այժմ մուրում ես։
— «Եղիր համբերող»,— ասում են քեզ։ Եվ համբերատարությունը