Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/596

Այս էջը հաստատված է

Ցույց եմ տալիս նույնպես ահա՛ այն քծնող շանը, որ անոթի չմնալու համար՝ շարժում է պոչը, տիրոջ նշանի վրա՝ ազատ ընկերին խածնում, կաղկանձում է ամեն կիցի տակ, մեջքի վրա պառկած՝ դողում է ամեն սպառնալիքի առաջ և գնում սատկելու ամենից մոռացված՝ որջի մութ անկյունում։


* * *

Եղի՛ր լարված նետ, արածո՛ղ նախիր. արտասուքդ թույն շինիր, սիրտդ նետ և սլացիր ամեն ուղղությամբ։

Եղի՛ր խոյ, արածո՛ղ նախիր. եղջյուրներդ սրիր ոտներովդ, կնճռիր դեմքդ. կնճռիր, բայց մի հուսահատվիր։

Այդպե՛ս միայն կարող ես խցել արտասուքիդ աղբյուրը, բռունցք շինել մուրացող ձեռքդ, սրել տափակ ատամներդ։

Այդպե՛ս միայն կարող ես ճահիճդ լեռ դարձնել, աստղերդ իր տեղը հանել և չորս ոտքդ՝ երկուսի փոխել։

Այդպե՛ս միայն կարող ես կարճացնել ականջներդ, կտրել առաքինության հաստացած գլուխը և փակել պարտականության ախոռի դուռը…


* * *

Երգեց ըմբոստ ոգին իր այդ երգերը, դարձավ ապա դեպի ինձ և ասաց այսպես.

— Այս երգերը չեն ճահճային հասկացողությունների կամ ժողովրդյան ձգտումների նժարն իջեցնող՝ գծուծ որսորդների համար։

Եթե վատ հնչեցին նրանք քո ականջին—վար իջիր ուրեմն դարձյալ դեպի արոտը—ահա՛ նախիրը և ահա՛ որսորդների աղտոտ խոհանոցները։ Իջիր, մտիր ուրեմն այդ փոքրագույն մասի վրա ցեխ շպրտող որսորդների շարքը։

Ըմբոստ ոգին կանգ չի առնում և ոչ էլ կլռի. նա երբեք չի կասում։ Վաղ թե ուշ այդ բոլորին նա կամուրջ կդարձնի իր խոհերի համար և նրա վրայից ձեռք կտա այն փոքրագույն մասին, որ հառաջընթացն է լինելու բարձունքների և մաքուր օդի ձգտող սերնդյան։

Եթե խորթ հնչեցին երգերը քո ականջին, խլացիր ուրեմն կաղապարային առաքինությունների փքուն աղաղակներով, մտի՛ր պարտականությունների ախոռը և համբուրիր մտրակի կոթը։

Ըմբոստ ոգին կանգ չի առնում և ոչ էլ լռում. նա երբեք չի վարանում։ Վաղ թե ուշ՝ կլայնացնի նա բոլոր նեղ դռները և նրա միջով կանցկացնի իր պատրաստ սերնդյան հսկա որդիները…