Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/60

Այս էջը սրբագրված է
4

Նվիրվել իր նմանին…

Արդյոք այդ նվիրվելը պիտի հասկացնե՞ր նրան, ավելի գիտակցական ու ավելի՞ բարձր մտային մթնոլորտի հասցներ և արդյոք դա՞ պիտի լիներ փնտրածը գտնելու ճանապարհը։

Եվ ինչպե՞ս նվիրվել։

— Չգնա՞լ-գտնել թշվառին, հասկանալ նրա թշվառության պատճառը, կռվել այդ պատճառի դեմ, վերացնել նրան։

Չգնա՞լ-գտնել զրկվածին, փնտել-ճանաչել զրկողին և ոչնչացնել նրա զենքը։

Չգնա՞լ-տեսնել հարստահարվածին, մարտ մղել հարստահարողների դեմ, թիկունք դառնալ ընկճվածին, բարձրացնել ընկածին, գիտուն դարձնել տգետին, լույս տալ խավարամտին, հանել ցեխի մեջ ապրողին, բուժել վիրավորվածին…

Եվ կամ չկռվե՞լ արդյոք զրկողի, մարտնչել բռնավորի, ճակատ տալ մահվան դեմ և ազատել մանուկին տգիտությունից ու կեղտից, խլվողին՝ խլողից, վիրավորվածներին՝ վիրավորողների ճիրաններից…

Եվ գնաց նա, շատ տարիներ զոհեց գիտություն ուսանելու, հետո մտավ թշվառների, ցավագարների մեջ։ Մեկին մխիթարեց, քաջալերեց, բողոքելու հորդորեց, մյուսին դարմանեց, վերքերն սփոփեց…

Այնքան էր զբաղմունքը և այնքան էին մարդկային վշտերը, որ մոռացավ ամեն բան, նվիրվեց միայն դրան։

Բայց ցավերն ու զրկանքները ավելանում էին, աճում ու բազմանում. շատանում էր թշվառների թիվը, կուտակվում էին զրկվածներն ու անոթությունից, կեղտի, տգիտության մեջ վիրալից՝ մեռնում էին. և իմաստունի ջանքերը, այդ բոլորից գոնե մի՛ հյուլեի դեմն առնելու՝ ապարդյուն էին անցնում։ Հարստահարությունն ու անիրավությունը հեղեղ էր դառնում և մարդկությունը կլանում։

Եվ նա տեսավ, որ մարդկության մի փոքրիկ մասը ապրում էր մյուս մեծ մասին կլանելով, գռփել–գջլելով. գտավ, որ այդ մեծ մասը այնքա՜ն հարվածված, այնքա՜ն ստրկացած է, որ ոչխարի պես տանում է թշվառությունը, ճանճերի պես կոտորվում, իր վաստակը ուրիշին տալիս և չի տրտնջում, չի բողոքում, այլ իր որդիներին իսկ հանձնում է որպես նրանց գործակից…

Եվ զայրացավ իմաստունը արդար բարկությամբ, աստվածային կրակով վառված դեն ձգեց իր ամոքիչ, շատ չնչին օգուտ տվող բոլոր դարմանները, պարզեց իր երկար հասակը, առաջ անցավ, ճշմարիտ