Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/609

Այս էջը սրբագրված է

ԳՐԻԳՈՐ.— Հը՜մ… Լա՜վ թշվառներ ես գտել։ Մե՛կ հուպ տան քեզ, որ իմանաս, թե ճնշողն ո՞վ է:

ՄԱՏՎԵՅ ԵԴՈՐՒՉ.— Ասենք՝ Սաշան ճիշտ է ասում — խե՞ղճ են մեր գյուղացիք. բայց էլի… Այս գյուղաքաղաքը ամենից հարուստն է. բա՜ղ, գինի՜… և հետո՝ գավառի կենտրո՜ն, միրավոյ սուդիա՜…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Թերեզային)։ Ձեզ մի՞թե չեն գրավում այս երկրի շքեղ անկյուններն ու այդ ծաղկավետ լեռները: Երևի դուք էլ զզվել եք արդեն։

ԹԵՐԵԶԱ.— Դե իհարկե։ Թեև մենք ձմեռը մեծ մասամբ Թիֆլիս ենք մնում, բայց երբ գալիս ենք գյուղ, միշտ միևնույն տեսարանները, միևնույն դեմքերն ու մարդիկ… Եվ հետո, եթե գիտենաք, թե որքա՜ն կոպիտ, կեղտոտ են մեր գյուղացիք։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Դուք մոռանում եք, օրիորդ, որ նրանք ամբողջ օրը գործում են. իրենց հանգամանքները չե՛ն ներում մեզ պես հագնվել, լա՜վ ապրել։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Նո՜ւ, ֆանտազյո՜ր կասեմ… Տո՜, մեկ հլա ինքդ էլ քննիր և տես, թե այդպե՞ս է։ Հազարների տեր գիտեմ, որ է՜լի ախոռի պես տան մեջ է ապրում, կեղտոտ հագնվում…


5) Նույնք, Տիկ. Մանուկյան, Սահակ և Կիրակոս

(Սրանք ներս են մանում, Սահակը՝ օղի, վարունգ և տանձ ձեռքին, տիկ. Մանուկյանը՝ մուրաբաներ, Կիրակոսը՝ մատուցարան բաժակներով և այլն)։


ԳՐԻԳՈՐ.— (Ելնում է և դիմավորում տանտիկնոջ)։ Ա՛յ բարի տեսանք, տիկի՛ն, աչքներդ լո՜ւյս, որդիդ էլ եկավ վերջապես…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Շփոթված, մուրաբաները դնում է սեղանի վրա, ձեոք է տալիս, համբուրվում են տիկ. Վարակյանի և Թերեզայի հետ): Շնորհակալ եմ… բարով ձե՛զ էլ աչքալուսանք անենք… (Թերեզային)։ Դո՛ւ էլ մի լավ բախտի արժանանաս… (Բոլորին): Համեցե՛ք, համեցե՛ք, թեյը այս րոպեին… (Մարգոյին)։ Աղջի, հլա չայը չե՞ս շինել… (Ծառային)։ Գնա սուխարին էլ բեր… (Հյուրերին)։ Համեցեք նստեք… (Տղամարդկանց)։ Մի-մի արաղ… (Ամուսնուն): Բաս հաց ու պանի՞րն ուր ա… (Վազում է դեպի դուռը)։ Կի՚րակոս, հաց ու պանիրն էլ բեր հետդ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ա՜յ լավ տանտիկին… Սկի 10 րոպե չքաշեց– համ մուրաբա, համ խիար, արա՜ղ… (Տիկին Մանուկյանին)։ Տղիդ տեսնելուցը թևեր ես առել-թռչում ես, հա՜, Հոռոմսի՛մ։