Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/610

Այս էջը սրբագրված է

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Դե բա ի՞նչ անեմ, ա՛ ձեզ մատաղ… Մեկ մինուճար տղա ունեմ, նրա գալո՞ւն էլ չուրախանամ… բա ո՞ւր ա ձեր տիկինը, Մատվե՛յ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Դե ես ի՞նչ անեմ… Հալբաթ ուր որ է՝ կգա…

ԿԻՐԱԿՈՍ.— (Վերադառնում է՝ բերելով մյուս բաները

ՍԱՀԱԿ.— (Լցնում է օղի, կինը թեյ է պատրաստում: Գրիգորը ժպիտը դեմքին՝ դիտում է Ալեքսանին և Թերեզային, որոնք Մարգարիտի ընկերակցությամբ՝ խոսում են և ծիծաղում

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Վերցնում է օղու բաժակը և հեռվից՝ Ալեքսանին)։ Թե աստվածդ կսիրես, Սա՛շա, շա՛տ ժամանակ ունես դեռ՝ ջահել աղջիկների հետ սիլիբիլի անելու, առաջ մեկ պառավներիս պատվիր, մեկ նրա՛նց հետ խոսիր… Թերեզան չի փախչի, մի վախենա… Երկուսդ էլ կրթված մարդիկ եք, իհարկե, շա՜տ կհանդիպեք դեռ, կխոսեք… Հալբա՛թ, Թերեզան գյուղի մեջ ո՞ւմ պիտի գտնի, որ հետը զրուցի, դու էլ գյուղի խլնքոտ աղջիկների հետ խո գլուխ չե՜ս դնի… Բայց առաջ մեկ դե՛սն արի… Այ, էս րյումկան վերցրու… (Տալիս է)։ Մոսկվա սովորա՛ծ կլինես կոնծելը… Ապա՛, քեզ հետ մեկ խմենք, շնորհավորե՛նք… Կոլլեգ ենք, ախր… Ես քո՛ ճանկը կընկնեմ, դու՝ ի՛մը… միմյանց լա՜վ կգզգզենք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Լուռ ու ժպտուն՝ վերցնում է բաժակը

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐՒՉ.— Ա՜յ, ըտե՛նց… Դե՛հ, շնորհավո՛ր լինի… բարով լավ գործ ունենաս, չաղ պրակտիկա, սուդիաների դեմ լա՛վ խոսես, հարուրանոցներով ջիբդ տռզացնես, հորդ ու մորդ երախտիքը հատուցանես, նրանց էլ, այս ծերության օրերում միջո՛ց տաս հանգիստ ապրելու… Մի լավ, հարուստ, հազարներով աղջիկ էլ ճանկես՝ ու… мое почтение[1]

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շնորհակա՛լ եմ… բայց երևի ձեր ասածներից միայն մեկը կլինի, այն է՝ ծնողացս հանգիստ ապրելու մասին հոգալ: Իսկ չաղ պրակտիկա, հարյուրանոցնե՜ր, հազարներով աղջի՜կ… Ո՛չ, չեմ կարծում, որ ընդունակ լինեմ ա՛յդ աստիճան փչանալու…

ՄԱՏՎեՅ ԵԳՈՐԻՉ.— (Որ ուզում էր խմել, իջեցնում է բաժակը և զարմացել է)։ Ո՞նց… Փչանալո՜ւ… Բա էլ ո՞ւր ես պրիսյաժնի[2] դարձել, իրավաբանություն սովորել, օրենքների գրքերի վրա մաշվել… Փաստաբանը որ կա՝ երեք երազ է ունենում.— չաղ պրակտիկա,

  1. Ռուսերեն ոճ. «Հարգանքներս»:
  2. Փաստաբան, երդվյալ հավատարմատար: