Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/612

Այս էջը սրբագրված է

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Բո՜ւյ… Բա դու քո թշնամին ե՞ս… Ե՞րբ է տեսնված, որ փաստաբանը փող շահի իրավացի կողմից, լավ վարձատրություն տալիս են միշտ անիրավները:

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Սաստի՛կ սխալվում եք… Անիրավների ձեռքով մեղադրվածներն ավելի շատ են, քան անիրավները, ավազակները… զրկվածներին պաշտպանե՛լն էլ փող է բերում։ Բայց— որը գլխավորն է — հոգեկան մեծ բավականություն է զգում մարդ, երբ հաջողվում է կորզել ավազակի, հարստահարողի ձեռքից մի անմեղ զոհ, մի ազնիվ աշխատավորի… Ա՛յ, երբ ինձ գործի մեջ տեսնեք հենց այստեղ, գուցե և ձե՛ր դատարանում…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Վախեցած)։ Ի՜նչ… չլինի՞ մեր գյուղումն ես ուզում փորձել դալլաքությունը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այո՛, ես վճռել եմ այստե՛ղ իսկ մնալ և գործել,.. Այսպիսի խուլ անկյուններում ավելի շատ են անիրավություններ ու հարստահարություններ, որոնց դեմ կռվել է պետք… Եվ ես, որ սովորե՛լ եմ և զինվել այդպիսի կռվի համար — պարտականություն եմ զգում նախ և առաջ ծառայել ի՛մ հայրենիքին, ի՛մ թշվառ եղբայրներին…

ԳՐԻԳՈՐ.— (Կնճռոտ)։ Ահա՛ թե ի՜նչ… Նոր բանե՛ր ենք լսում…

ԹԵՐԵԶԱ.— (Ալեքսանին)։ Դուք կատակ չե՞ք անում, ուզում եք գյո՞ւղը մնալ… Ձմե՞ռն էլ… և ո՞չ թե Թիֆլիս:

ԱԼԵՔՍԱՆԴՐ. — Կատակ չեմ անում։ Թիֆլիսում շա՛տ կան փաստաբաններ, իսկ գյուղերում ո՛չ ոք չկա. և զանազան խարեբա աբլակատներ, հաճա՛խ միացած վաշխառուների հետ, քամում են գյուղացոց, քանդում նրանց, թշվառացնում… Վճռել եմ իմ գիտությունով օգնել հայրենակիցներիս, հասկացնել օրենքն ու նրանից օգտվելու միջոցները… Ա՛յդ եմ երազել ես, երբ ուսանում էի, այդպե՛ս երազով էլ եկել եմ ու պիտի մնամ գյուղում գործելու։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Ֆի՜հ… գյուղի փաստաբա՜ն… Մարդ երեք-չորս տարի Մոսկվա սովորի, դիպլոմ ունենա ծոցը — և գյո՜ւղ…

ԳՐԻԳՈՐ.– (Հեգնորեն): Եվ դեռ ուզում է գյուղի պրակտիկայով ի՛նքն էլ ապրել, ծնողների՛ն էլ օգնել… Կտեսնե՜նք… (Ալեքսանին)։ Դեռ դու աղ բերելո՛ւ ես գնում, որդի՛…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ես դրամի հարստության պետք չունեմ. մի կտոր հաց ունենք մեր այգուց — և դա մեզ բավական է… Այնպես չէ՞, հա՛յր, այնպես չէ՞, մայր… (Գնում է դեպի Թերեզան