Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/619

Այս էջը սրբագրված է

ուզում է արգելել)։ Թո՛ղ, Թերեզա… Հա՛… Քաղեց, ամեն մի տերևի մի-մի տղամարդի անուն հիշեց մտքումը… Իհարկե, Սաշայինն էլ կար. հետո ասաց.— «Սիրո՞ւմ է ինձ»… և քաղեց։ Խոստացել էր եղածը ասելու, բայց չասաց:

ՍԱՀԱԿ.— (Ժպտալով)։ Բաս որ չի ասել, ուրեմն Սաշա՞ն կլինի։

ԹԵՐԵԶԱ.— Ո՛չ, ո՛չ, նա՛ չէ, նա՛ չէ… ուրի՛շն է։

ՍԱՀԱԿ.— (Շոյելով նրան): Դե լավ, ի՞նչ կա ամաչելու։ Ինչի՞, որ Սաշան լինի՝ չե՞ս ուզի… Ի՞նչ է, չե՞ս հավանում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Հայրի՛կ, թո՛ղ…

(Երաժշտության ձայնը ավելի է մոտենամ)։

ՍԱՀԱԿ.— (Լրջանում է)։ Դե՛, հանա՛ք եմ անում…

ԹԵՐԵԶԱ.— Ինչ հանաքչի՞ն եք, Սահա՛կ Պետրովիչ… (Մոտենում է լուսամուտին)։ Սա՞ ինչ մուզիկա է։ (Նայում է)։ Նայեց՛ք, Ալեքսա՛նդր Սահակիչ, կույր աշուղներ են։

(Ամենքը մոտենում են լուսամուտներին: Թերեզան ու Ալեքսանդրը՝ մեկի առաջ, Սահակն ու իր աղջիկը՝ մյուսի)։

ՍԱՀԱԿ.— Քոռ Եղիկն է… Կուզես՝ ասեմ այս երեկո մեզ մոտ գա, Սա՛շա. լավ-լավ երգեր գիտի ասել։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Հայերե՞ն։

ՍԱՀԱԿ.— Այո՛. նոր-նոր խաղեր, լա՛վ էլ ձայն ունի, ամրողջ գիշեր կերգի, հյուրերին կզվարճացնի։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Դառնալով հորը)։ Ի՞նչ է, հյուրե՞ր կլինեն այս երեկո:

ՍԱՀԱԿ.– Մի ողջ գառն ենք մորթել. Մատվեյը կլինի, ուրիշներն էլ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Իսկ Գրիգոր աղան ու տիկինը։

ՍԱՀԱԿ.— Նրանք չուզեցին… Գրիգոր աղան ասաց, որ գործեր ունի։

ԹԵՐԵԶԱ.— Ուրեմն ե՛ս էլ գնամ։

ԱԼՔՍԱՆԴՐ.– Ինչո՞ւ, դուք մեզ մոտ մնացեք։

ՄԱՐԳՈ.– Այո՛, մնա՛, Թերեզ. հետո ծառան քեզ կտանի։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ինչո՞ւ, ես ինքս կտանեմ… Ուրեմն մնո՞ւմ եք…

ԹԵՐԵԶԱ. — (Ժպտալով նրան)։ Է՛լ ի՞նչ արած, որ այդպես եք ուզո՜ւմ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շնորհակալ եմ… (Հորը)։ Հա՛յր, իմաց տուր երգչին, թող մեզ մոտ լինի այս երեկո։ (Թերեզային). Դուք է՞լ սիրում եք այդ երգերը։ Ես շա՛տ եմ սիրում և շա՜տ էլ կարոտել եմ… նրանց մեջ խոր զգացմու՛նք կա…

ԹԵՐԵԶԱ.— Ե՛ս էլ սիրում եմ. մի քանիսնե՞՛րն էլ ինքս երգում եմ… Բայց լսենք՝ տեսնենք ի՞նչ է երգում…

(Երգը մոտենում է։ Երգում են Հ. Հովհաննիսյանի «Արազն եկավ լափին տալով» երգը։ Բոլորը լուռ՝ լսում են։ Ալեքսանդրը համարյա