Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/625

Այս էջը սրբագրված է

բերեք… Գրիգոր աղան չլինի՝ ով ուզում է լինի– եթե անիրավ է, ձեռքիցս չի՛ պրծնի. միայն թե՝ վկաներ…

ԲՈԼՈՐԸ.— Ամենքս, ո՛ղջ գյուղը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Շատ լավ ուրեմն… Չփախչեք, ա՛յ… իմացե՛ք, որ արջին թե բռնեցինք, էն ա բռնել ենք։ Թե ձեռքից բաց թողնենք, վայն եկել ու ձեզ տարել է հետո։

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Ուրախ): Բաց չենք թողնի աստծով… Աստված քեզ օրհնի… Թե բաղս ու տունս ազատեցիր՝ ընտանիքով օրհնող կըլենք։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Նրա ուսը ծեծելով)։ Լա՛վ, լա՜վ, ա՛մի։ Օրհնի՛ր դու, որ հաջո՛ղ տանենք գործը։ Թե չէ՝ շատ էլ հեշտ չի այդ արջին թալակ գցելը… (Սպառնալից)։ Բայց որ գցեցինք, է՜է՜…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Այ դու շա՛տ ապրես… էն սուրբ խա՛չը քեզ օգնական… (Բարեմաղթություններով և ուրախ խոսակցելով՝ բոլոր գյուղացիք դուրս են գնում


4) Ալեքսանդր (մենակ), հետո՝ Սահակ


ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մի րոպե լուռ և խոհուն՝ նայում է գյուղացիների ետևից, հետո կամաց-կամաց գնում և սուրճ է լցնում):

ՍԱՀԱԿ.– (Տան դռնից հանդարտ ներս է գալիս. պահ մի զննում է հեռվից որդուն, ապա սանդուղքից իջնում է)։ Մենա՞կ ես, Սա՛շա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Դառնում է դեպի նա)։ Մենակ եմ… Բա՞ն ունես ասելու։

ՍԱՀԱԿ.— Մարգոն ասում էր, որ գյուղացիներ կան, և դու նրանց արգելեցիր գալ քեզ խանգարելու։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Գնացին… Եկել էին գանգատի… վաշխառուների մասին էր դարձյալ… (Խիստ)։ Դարձյա՛լ նա է, հա՛յր, մի՛շտ այդ մարդը…

ՍԱՀԱԿ.— Ա՜ս՜ս… Թերեզան ներսումն է… Գրիգոր աղայի մասի՞ն է խոսքդ, չէ՞… Տեսա, Բաղդասար ամի՛ն կար եկողների մեջ… (Տխուր)։ Թշվա՜ռ ծերունի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ուրեմն դո՞ւ էլ գիտես, թե նա ինչ է արել ծերունուն։ Եվ ինձ չէի՞ր ասում… Ո՛չ, հա՜յր, վճռել եմ ձեռքումս եղած բոլոր փաստերի հիման վրա՝ կովի՛ ելնել նրա դեմ, գյուղը միանգամո՛վ ազատել, վերջ տալ նրա արածներին…

ՍԱՀԱԿ.— Կամա՛ց խոսիր, ո՛րդի… Նստի՛ր, նստի՛ր մեկ այստեղ: (Նստում է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այսպե՛ս էլ լավ է: Սաստիկ վրդոված եմ… Հարյուր ռուբլի տալ, երկու տարի մեծ տոկոսնե՛ր առնել, հետո էլ երկա հարյուր