Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/629

Այս էջը սրբագրված է

Բաս ո՞ւր է, մեր աղջիկը ձեզ մո՛տ էր եկել. ախր… Ախպե՛ր, էլ Թերեզին պահել չի լինում։ Չգիտեմ, ինչ-որ շատ է սիրել ձեր… Մարգարիտին: Գիշեր-ցերեկ նրա վրա՛ է խոսում: Տեղիցը վեր է կենում թե չէ՝ «Գնա՛մ Մարգարիտի մոտ»։ Յա թե չէ՝ «Սե՛րգո, գնա Մարգարիտին ասա՝ ինձ մոտ գա»… Որ բան է, ըստեղ ընկավ, է՛լ տուն վերադառնալ չկա…


6) Նույնք և Թերեզա


ԹԵՐԵԶԱ.— (Տան դուռը բաց է անում, կիսովին երևում և շուրջն է նայում, առանց գլխարկի): Գնացե՞լ են գյուղացիք… (Ներս է գալիս սանդուղքների գլխից)։ Ֆո՛ւհ, Ալեքսա՛նդր Սահակիչ, ինչ վա՜տ մարդ եք եղել, ճշմարիտ… Մի ժամ է, որ մեզ ներսը փակել եք… (Մոտենում է և ձեռք է պարզում Ալեքսանին)։ Բա՛րև ձեզ… (Հորը)։ Դու է՞լ այստեղ ես, հայրի՞կ։

ԳՐԻԳՈՐ.— Բո՜ւ, ա՛յ աղջի, մեկ ժամ է այստեղ ես և նո՞ր ես տեսնում Սաշային… Չլինի՞ դու էլ նոր ես գալիս։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ներսն էին. ես այստեղ զբաղված էի։

ԹԵՐԵԶԱ.— (Հորը): Երևակայի՛ր, հայրի՛կ, մի ժամ է, որ այս անտանելի՛ մարդը մեզ ներսում փակել է և արգելել պարտեզ իջնելու – թե ի՞նչ է՝ մի քանի գյուղացիների հետ գործ ունի։

ԳՐԻԳՈՐ.— Ը՛մ, դա՜… Փաստաբան մարդ է, աղջի՛կս, իհարկե, չպիտի խանգարել… Երևի գյուղացիները գործե՛ր ո՛ւնեին հանձնելու… (Ժպտալով): Ե՛ս էլ տեսա նրանց ճանապարհին՝ այստեղից գնալիս… (Ալեքսանին): Բայց գիտե՞ս ինչ կասեմ քեզ, Ալեքսա՛ն բեկ. (Խրատական); Ինձանից քեզ խրատ չի՛ հասնի, բայց, դեհ, որքան չլինի, փորձված, հորդ հասակի մարդ եմ… Գյուղացիներին, որդի՛ս, շա՛տ էլ վստահել չի՛ կարելի… Նախ որ՝ սկի ուղիղ բան նրանցից լսել չես կարող, էս՝ մեկ… Վրա երկրորդ՝ որ նրանք ամեն բան մեծացնում են… (Ոտքի է ելնում)։ Լուն՝ ո՛ւղտ են շինում։ (Սահակին)։ Հը՞, Սահա՛կ բեկ… Սաշան ջահել է, դո՛ւ ասա, դու լա՛վ կճանաչես գյուղացոց, ասածս ճիշտ չէ՞։

ՍԱՀԱԿ.— (Խուսափողական)։ Ի՞նչպես ասեմ… Ասենք՝ իհարկե…

ԳՐԻԳՈՐ.— (Խոսելով՝ հետզհետե մոտենում է Սահակին)։ Մեկ էլ որ… Ա՛յ, դու էդ լա՛վ կգիտենաս… Էդ գյուղացիք զահլա՛ են տանում: Կխոսան, կխոսան՝ բան չե՛ս հասկանա… Վայ է՝ թե ուրիշի կովը մի քիչ խոտ կրծեց իրենց այգու ծայրիցը։ Իսկո՛ւյն գանգա՜տ, ղալմաղա՜լ… (Ժպտուն): Հիմի էլ խո՞… փաստաբան կա գյուղումը,