Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/63

Այս էջը սրբագրված է

Եվ այժմ գնում էր նա գավազանը ձեռքին, վերարկուի մեջ փաթաթված. վազում-փախչում էր իր ետևից արձակվող քարերից, որոնք ջարդում էին նրա թիկունքը, վիրավորում գլուխը. փախչում էր քիչ առաջ փառաբանող և այժմ ծաղրող ու հայհոյող ամբոխից։

— Հի՛վ, հի՛վ… քարկոծեցեք խռովարարին, ցեխ նետեցեք խելագարին։

Ու գնաց նա տխուր, հոգնած, դուրս փախավ քաղաքից, վազեց հևալով, խուսափեց քարերից և ծաղրից. և այդպես խոր խոցված դառնությամբ լցված, ուշաթափ՝ ընկավ մի ծառի տակ։

Իսկ երբ ուշքի եկավ, գտավ, որ իրեն դրել էին մի պատմուճանի վրա, և երկու հոգի նստել գլխի վերևը: Մեկը երիտասարդ, մյուսը՝ ծերունի։ Երկուսն էլ վշտացած, թախծալից դեմքերով, երկուսն էլ լուռ և մտախոհ:

Ճանաչեց նրանց. ծերունի փիլիսոփան էր և բնագետ որդին։ Երեքի հայացքներն էլ մի րոպե լուռ մնացին միմյանց վրա. երեքն էլ երկար ժամանակ չէին տեսնվել և շատ փոխվել էին։ Ծերունին զառամել էր, երիտասարդը ալեխառն դարձել և իմաստունը՝ արևակեզ ու մաշված:

— Այդ դուք եք, — ասաց վերջապես իմաստունը, — ճանաչեցի ձեզ. այդ դուք եք, որ ինձ դրիք սխալ շավղի վրա և ինձ ըմբռնել տվիք, թե իզուր է նվիրվել իմ նմաններին, որովհետև նրանք սիրում են ապրել ցեխի և կեղծության մեջ, և այդպիսի կյանքի դեմ խոսողներին հալածում են, ծաղրում ու քարկոծում… Նայեցե՛ք ինձ։ Կյանքիս շատ տարիները նվիրեցի օգտակար դառնալու իմ նմաններին, ուսումնասիրեցի նրանց ցավերը, գտա վերքերը, մատս դրի նրանց վրա, բարձրաձայն քարոզեցի հարստահարողների, զրկողների, խլողների և մանավանդ կեղծողների դեմ. ոչինչ չծածկեցի, մերկ ճշմարտությունը հրապարակի վրա դրի և… վիրալիցներն ու զրկվածները, հալածվածներն ու խաբվողներն էին, որոնք ծաղրուծանակ դարձրին ինձ, քարեր նետեցին իմ անկեղծության վրա, պղծեցին մերկ ճշմարտությունը, թքեցին նրա վրա, նրա մերկությունը անբարոյականության հետևանք հռչակեցին և գոչեցին ինձ.

— Կորիր քո անկեղծությամբ ու ազատախոսությամբ, մենք ավելի լավ ենք զգում մեզ կեղծության և ստության մեջ, կորի՛ր…

Ու վռնդեցին… Դուք մոլորեցրիք ինձ. այդ չէր իմ փնտրածը:

Լուռ էին ծերունին և երիտասարդը և ոչինչ չէին կարողանում ասել:

— Նվիրվել իմ նմաններին… — շարունակեց վշտացած ձայնով իմաստունը, — ես այդ արի, բայց տեսա, որ այդտեղ հարկավոր էր կեղծություն, ստորություն. հարկավոր էր խաբել անկեղծաբար ու լրբաբար կեղծել, նույնիսկ հանուն իդեալների , հանուն ճշմարտության՝