Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/630

Այս էջը սրբագրված է

Ալեքսան բեկը գյուղացիների պաշտպանն է… (Նուրբ ծաղր)։ Էնպես է անում, որ մարդ կարո՛ղ է իր պարտքը չտալ — թեկուզ մուրհա՛կ տված լինի, փող էլ առած… Ես ի՞նչ գիտեմ… Որ լսես նրանց – կասես, թե Ալեքսան բեկը հրաշքնե՛ր գործելիս լինի… (Ալեքսանին)։ Չէ՛, որդի՛, դու մե՛զ լսիր — շատ երես մի՛ տալ դրանց, թե չէ ժամանակդ էլ կխլեն ու ոչինչ էլ օգուտ չես ստանա… (Սահակին)։ Հը՞, լավ չե՞մ ասում, Սահա՛կ բեկ…

ՍԱՀԱԿ.— (Մեղմ)։ Դե, իհարկե, ձեր ասածն էլ ճիշտ է… Բանը շա՛տ են մեծացնում, չնչին բանը բան շինում։

ԳՐԻԳՈՐ.— Դու դրան է՛դ հասկացրու, է՛դ… Որ էդպես, ամենքի առաջ դուռը բաց անի, ամենքին ականջ տա - ողջ օրը պիտի չնչին գործերո՛վ զբաղվի… (Մտնում է Սահակի թևը և խոսելով սկսում է հեռու տանել

ԹԵՐԵԶԱ.— Դե՛հ, այժմ հույս ունեմ, որ ազատ եք այլևս… Կարո՞ղ եմ մնալ այստեղ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ազատ եմ… Դուք գուցե սո՞ւրճ կկամենայիք… (Գնում է դեպի սեղանը

ԹԵՐԵԶԱ.— Ո՜չ, թողեք, ես արդեն խմել եմ։

(Այդ միջոցին Սահակն ու Գրիգորը մտել են պարտեզի խորքը և այլևս չեն երևում։
Բեմի վրա քիչ լուռ է։ Ալեքսանը կռթնել է մի ծառի, մռայլ է, ակնարկը գետնին։ Թերեզան, նստարանի վրա, երկար նայում է նրան):

ԹԵՐԵԶԱ.— Խոսեցե՛ք… Բայց երևի դուք մտքով դեռևս գյուղացիների հետ եք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Նայում է նրան և քիչ մոտենում)։ Դուք նեղանո՞ւմ եք… Այդ մարդիկ իրենց ցավե՛րն էին եկել պատմելու ինձ… Եվ որպիսի՜ ցավեր… Մի՞թե ձեզ չեն հետաքրքրում երբեք նրանց վշտերը։

ԹԵՐԵԶԱ.– (Թեթևամտությամբ)։ Է՛հ, Ալեքսանդր Սահակիչ, ինձ թվում է, որ դուք երբեմն ամեն ինչ շա՛տ եք մեծացնում և սրտի մոտիկ վերցնում… (Ժպտալով)։ Հայրս դրան ասում է «գրքերի քամիներ»… Չեմ գտնում, օրինակ, որ գյուղացիք, հիրավի, այնպիսի մեծ ցավեր ունենան, որ պետք լիներ ձեր ամբողջ ուշադրությանը և ոգևորությանը… (Նկատելով Ալեքսանի դժգոհ շարժումը)։ Դուք նեղանո՞ւմ եք ասածներիցս… (Քիչ լուռ)։ Լա՛վ ուրեմն, այո՛, գուցե ես սխա՛լ եմ… Ո՞վ գիտե… Բացատրեցեք գոնե… Ես գրեթե ոչի՛նչ կամ սխալ գիտեմ այդ բոլորի մասին… (Լուռ)։ Ինձ միշտ կրկնել են, որ գյուղացիք լուն ո՛ւղտ են շինում, լալկա՛ն են՝ թեկուզ հարուստ էլ լինեն…