Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/634

Այս էջը սրբագրված է

գյուղացիներից իր պարտքը՝ որևէ կերպով… ու եկել խլել էր նրանցից…Թիֆլիսից իբրև նպա՛ստ, անոթիներին և մերկերին իբր օգնություն ուղարկված ցորենը, ալյուրը… գրեթե ամեն ինչը…

ԹԵՐԵԶԱ.— (Սաստիկ վրդովված)։ Դո ՛ւք… դուք հրեշային բանե՛ր եք պատմում… Եվ այդ վաշխառուն ա՞յն է, նո՞ւյնը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Նա՛ է… Մի ամբողջ գավառ ճանկերի մեջ առած, չի խնայում նրանց թշվառությունն իսկ… Երաշտի, անբերրիության տարի է գալիս, պարտք են վերցնում… վաշխառո՛ւն է երևան գալիս…

ԹԵՐԵԶԱ.— Սարսափելի՛ է… Շա՜տ, շա՜տ ահռելի… (Մի րոպե լուռ, հետո հանկարծ մոտենում է Ալեքսանին)։ Եվ դուք դրանց դե՞մ է, որ կռվել եք ուզում, դրա՞ համար է, որ մտածում եք գյուղում մնալ… Ասացե՛ք, դուք նրանց կոչնչացնեք, չէ՞…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Լուրջ և հաստատուն)։ Այո՛, դրա՛ համար է… Ես նրանց կջնջեմ աջ ու ահյակ, կջնջեմ անխնա, գյուղում մնալով՝ չեմ թողնի ես, որ այսուհետև այդպիսի ավազակները կողոպտե՛ն գյուղացիներին…

ԹԵՐԵԶԱ.— (Մի րոպե հիացած նրան նայելուց հետո պարզում է իր ձեռքը)։ Դուք հերո՛ս եք, ահա թե ինչ… Ես հիմա՛ր էի, որ աշխատում էի հանե՛լ ձեր գլխից՝ գյուղում մնալու միտքը… Հայրս, ձեր օգտի համար, պատվիրել էր ինձ անպատճառ համոզել, որ գյուղում չմնաք… բայց ես ձեզ կատարելապե՛ս հասկանում եմ այժմ… (Ուզում է ձեռքը ետ քաշել

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Չի թողնում ձեռքը)։ Ո՛չ, ո՛չ, թողե՛ք ինձ ձեր ձեռքը… Օ՛հ, որքա՜ն, որքա՜ն լավն եք դուք, Թերեզ, և ես ձեզ որքա՛ն սիրում եմ…

ԹԵՐԵԶԱ.— (Հուզված, երերուն)։ Ե՛վ ես… ես… թո՛ղ ձեռքս, Սաշա՛, մեր հայրերը գալիս են… Ձեզ ես հասկանում եմ… թողե՛ք…


7) Նույնք, Գրիգոր և Սահակ


ԳՐԻԳՈՐ.— (Հեռվից սկսելով): Բա՜ս… որ ասում եմ… (Երևում է)։ Կխաբեն խեղճ տղին, կխաբեն… (Ալեքսանին ու Թերեզային, որոնք միմյանցից հեռացել են)։ Այստե՞ղ եք դուք դեռ։

ՍԱՀԱԿ.— Մարգո՞ն ուր է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ. — Ներսումն է…

ԳՐԻԳՈՐ.— Երևի ճաշի պատրաստություն է տեսնում… (Սահակին)։ Դե՛հ, Սահակ բեկ, մե՛նք էլ ներս գնանք ու մեր էն գործը կարգադրենք…