Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/635

Այս էջը սրբագրված է

Թո՛ղ դրանք ըստեղ խոսան, ջահել են… Մեկ էլ՝ որ դրանց լեզուն մենք չենք հասկանա… Գնա՛նք։

ՍԱՀԱԿ.— Համեցեք… (Առաջ է ընկնում և տան դուռը բաց անում

ԳՐԻԳՈՐ.— (Քայլելով այն կողմը և աստիճանների վրայից)։ Երբ գնալու լինես, Թերե՛զ, ինձ իմաց տուր։

ԹԵՐԵԶԱ.– Լա՛վ, հայրի՛կ, մենք այս րոպեիս ներս կգանք…

ԳՐԻԳՈՐ.— (Կանգ առնելով): Ես խո չասի էդ… Ինչքան քեֆներդ կուզի— չա՛նա խփեք… Ձերը խո է՛դ է— խո՛սա, հա խո՛սա… էս թա՛տրոն է, էս բա՜լ է… Ես ի՞նչ գիտեմ… (Ծիծաղում է)։ Դրուստ չե՞մ ասում, Ալեքսան բեկ… (Սահակին)։ Դե՛հ, գնա՛նք, Սահակ բեկ… (Ժպտում է և Սահակի ետևից ներս մանում):


8) Թերեզա և Ալեքսանդր


ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Սպասում է, որ դուռը փակվի, հետո վազում է դեպի Թերեզը ու ձեռքերը բռնում)։ Խոսի՛ր, Թերե՛զ… Ասա, մի՞թե դու ինձ չես սիրում, մի՞թե ես սխալվել եմ։

ԹԵՐԵԶԱ.- (Քնքշությամբ կպչում է նրան)։ Կամա՛ց խոսիր, Սա՛շա… Դու լավ տեսնում ես…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Գրկում է և գգվում)։ Ի՛մ հրեշտակ… (Հանկարծ թողնում է նրան գրկից և դեմքը կնճռած՝ քիչ հեռանում)։ Բայց սպասեցեք… Ես դեռ ամեն ինչ չեմ ասել… Եվ դա՝ իմ կողմից վա՛տ բան է…

ԹԵՐԵԶԱ.— (Թարմացած և վախեցած)։ Ի՞նչ եղավ քեզ… Ա՛հ, գուցե դու ուրիշի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Արագ միջահատում է)։ Ո՛չ, ո՛չ, ա՛յդ չէ՛ (Քիչ լուռ)։ Լսեցե՛ք, օրիո՛րդ… Դուք իմացա՛ք իմ վճիռը… Ես պիտի մնամ գյուղում, լինեմ գյուղացիների պաշտպան, վարե՛մ նրանց արդար դատը… Ինձ հե՞տ եք դուք…

ԹԵՐԵԶԱ.— Միայն ա՞յդ… (Ապահովված և ժպտուն՝ մոտենում է)։ Ես ինքս ուրախությամբ կօգնեմ քեզ այդ ավազակներին կախելու… Եվ ամենից առաջ՝ այդ խե՛ղճ ծերունու դահճին… Դու կարող ես, չէ՞, կարո՞ղ ես…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Հո՛ւյս ունեմ… (Ավելի լուրջ)։ Մի խոսք ևս… (Դժվարությամբ)։ Ի՞նչ կասեիր, օրինակ, եթե այդ վաշխառուն… հա՛յրս լիներ…

ԹԵՐԵԶԱ.— (Սարսափած ետ է քաշվում)։ Հա՞յրդ… Դու կատակո՛ւմ ես, Սա՛շա… Սահակ աղա՞ն, այդ բարի ծերունի՞ն…