Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/640

Այս էջը սրբագրված է

ԹԵՐԵԶԱ.— Սա հեքիա՛թ չէ. այլաբանական զրույց է։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ. — Կուզի՝ յալլիբան էլ լինի մեջը. սի՛րում եմ… Դե՛հ կարդա…

ԹԵՐԵԶԱ.— (Քիչ լուռ ու մտախոհ մնալուց հետո՝ կարդում է)։ «Եվ երրորդ որդին, կտրիճ Միլլեթը, եկավ կանգնեց երկաթե դռան մոտ, վիշապի պալատի առաջ»… (Ընդհատում է, մեկեն դառնում է մորը)։ Կուզեի իմանալ, սրբաշենցիք էլ կա՞ն դրանց մեջ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Բա սրբաշենցիք ի՞նչ գործ ունեն ըտեղ:

ԹԵՐԵԶԱ.— Չէ… Ցորեն բերողների՛…

2) Նույնք և Սերգո (ծառան)

ՍԵՐԳՈ.— (Փոշոտ՝ երևում է դռան մեջ): Խա՛նում…

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Ի՞նչ կա… Թոզոտ ո՞ւր ես զալը մտնում։

ՍԵՐԳՈ.— Բա աղեն ո՞րտեղ ա. գեղացիք սպասում են ախր։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Էլ ինչի՞ են սպասում, թող գնան է՜լի…

ՍԵՐԳՈ.— Չե՛ն գնում, ասում են՝ աղի հետ գործ ունենք։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Իրա օթա՞խում չի։

ՍԵՐԳՈ.— Չէ, մտի՛կ տվի… Խաչատո՛ւրն ա ընտեղ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Դե ուր որ ա՝ կգա… Թող սպասե՛ն… Անց կենալիս Հերիքնազին ասա մսի քյափը քաշի՝ էս ա գա՛լիս եմ… (Ծառան գնում է

ԹԵՐԵԶԱ.— Ինչո՞ւ են սպասում գյուղացիք, մայրի՛կ։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Ի՛հ… աղջի… մեկ հալալ չե՛ս թողնում հեքիաթը լսեմ… Դե ես ի՞նչ գիտեմ, հալբաթ գործ ունեն։

ԹԵՐԵԶԱ.— Այո՛… Երևի վեքսիլները նորոգելու… (Ելնում է և գնում դեպի լուսամուտը, այնտեղից)։ Մայրի՛կ. Բաղդասար ամին շա՞տ խեղճ է։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Ասում են՝ շա՛տ խեղճ է… ինչո՞ւ ես հարցնում… վեց–յոթ ջան ընտանի՛ք ունի։

ԹԵՐԵԶԱ.— Եվ շա՛տ էլ պարտք… բաս ո՞րտեղից է այդքան ընծա բերում մեզ… (Քիչ լուռ)։ Տոկոսների տե՞ղ է… Դու չգիտե՞ս, մայրիկ, թե նա ո՛րքան է պարտ հորս։

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.– Հո՛րդ… (Զարմացած)։ Բա նա ինչի՞ պիտի հորդ պարտք ունենա։

ԹԵՐԵԶԱ.— Ո՛ւնի… 100 ռուբլի է պարտքը, բայց 200 պիտի տա… Հարյուրը՝ մի տարվա տոկոս… Մեկին մեկ… Մածունը, գառը — դրանք էլ ավելի…