Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/641

Այս էջը սրբագրված է

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Շփոթված)։ Ես էդ չէի իմանում… (Ակամա նեղացած)։ Դե տե՛ղն ա նրան, ինչի՞ ա պարտք անում, թող յորղանի գյորա՛ ոտները պարզի… (Ելնում է և քայլում դեպի դուռը

ԹԵՐԵԶԱ.— Չլսեցի՛նք, թե վիշապը ինչպես ընդունեց տղային:

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Դե կարդո՞ւմ ես, որ… Գնամ տեսնեմ կուխնումը ի՞նչ են անում. Մատվեյ Եգորիչը էսօր ճաշին մե՛զ մոտ է գալու։

ԹԵՐԵԶԱ.– Դատավո՞րը… Իսկ հա՞յրս երբ կերթա նրա մոտ:

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Զարմացած՝ կանգ է առնում)։ Ընչի՞ որ… Երբ կանչի։

ԹԵՐԵԶԱ.— Երևի շուտո՛վ… (Մտախոհ՝ նայում է դուրս լուսամուտից

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Քիչ նայում է նրան, հետո գլուխն է շարժում և դուրս գնում

Դրսում խառն աղմուկը մեծանում է. լսվում է Գրիգոր աղայի բարձր ձայնը։ Հետո աղմուկը հանկարծ դադարում է, և Գրիգոր աղան է խոսողը՝ դրսից։

ԳՐԻԳՈՐ.— (Դրսից)։ Լա՛վ, կտեսնե՛նք… Մի քիչ սպասե՛ք…

ԹԵՐԵԶԱ.— (Ցնցվում է, դառնում և գնում է ննջարանը

3) Գրիգոր, քաչալ Մարտիրոս

ԳՐԻԳՈՐ.— (Մտնում է խորքի դռնից, նայում է շուրջը)։ Էս ո՞ւր են մերոնք… (Գնում է դեպի ննջարանի դուռը և քիչ բաց է անում)։ Դու այստե՞ղ ես, Թերե՛զ… Հա՛, կարդո՞ւմ ես։ Լա՛վ, քեզ անհանգիստ չենք անի։ (Փակում է դուռը և Մարտիրոսին): Դեհ, տեսնե՞նք… Նստի՛ր… Ասածներս արի՞ր…

ՄԱՐՏԻՐՈՍ.– Բա չէի՞ անի։ Կանչեցի ամենքին։ Կգան։ Էնպե՜ս ուրախ էին որ…

ԳՐԻԳՈՐ.— (Չար ժպիտով)։ Հիմար լինելուցն է… Նստի՛ր։ Ապա՞, ցույց տուր վեքսիլները… Շա՞տ է։

ՄԱՐՏԻՐՈՍ.– Հինգ հարյուր մանեթի… Հենց որ փողերը տաս՝ ձեռք կքաշեն։

ԳՐԻԳՈՐ — Իսկ գրա՞ծն ինչքան է։

ՄԱՐՏԻՐՈՍ.— Ճիշտ 703 մանեթ… Բոլորը մեկ տարով կամ վեց ամսով… (Հանում է ծոցից մի կապոց և վերցնում է մեկ-մեկ մուրհակները): Ա՛յ, էս մեկը Կարմիր-քարերից Սարուխանինը, 150 կտանք՝ մեկ տարով… Տոկոսն էլ վրան խփած — 317 մանեթի։

ԳՐԻԳՈՐ.— Էլ ինչի՞ յոթը… (Ժպտալով): Ամա հասկանում եմ… Սատանա՜ն ես եղել, հա՜…