Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/642

Այս էջը սրբագրված է

ՄԱՐՏԻՐՈՍ.– Քո ղուլլուղումը՝ ո՞վ չի ըլի… Ըսենց պակաս թվե՛րն են լավ։ (Շարունակում է)։ Էս մեկը քիչ զոռն էր: Մեր գեղացի ա: Շատ գրել չեղավ, կարդա՛լ էր ուզում տա… 200 ուզեց, ու մեկ սահաթ չանա խփելուց հետո՝ հազիվ թողաց, որ 250 գրեմ։

ԳՐԻԳՈՐ.— (Բարկացած)։ 25 տոկո՞ս… Ինչի՞, փողը չո՞լումն եմ գտել, թե՞ նրա հորն եմ պարտական… Էդ ո՞ր շան որդին էր։

ՄԱՐՏԻՐՈՍ.— Սարիկենց Սմբատը։

ԳՐԻԳՈՐ– (Ոստնում է տեղից)։ Ինչ ես ասո՜ւմ… (Ուրախ)։ Գրավ-բա՞ն. խո գրե՞լ ես։

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Ժպտուն)։ Չէ , էլ ի՞նչ գրավ… Վեց ամսով…

ԳՐԻԳՈՐ.— (Ընդհատում է զայրացած)։ Ադա, քյա՜չալ, քեզ չե՞մ ասել, որ մեր գեղացոց հետ գործ բռնելիս՝ առաջ ինձ հետ խոսես… է՛շն ես եղել, է՛շը… Բա դու չե՞ս իմանում, որ նրանց տունը մեր տանը կպած ա…

ՄԱՐՏԻՐՈՍ.— Գիտեմ, ո՞նց չիմանամ… Ամա դե որ չեղա՜վ…

ԳՐԻԳՈՐ.– Պա՛տռի դեն քցի: Չե՛մ տալիս. ո՛չ մի կոպեկ… թե իր տունը գրավ կդնի՜…

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Խորամանկ)։ Բա որ գրավ դնի. ինձ ի՞նչ խեր կա դրանից։

ԳՐԻԳՈՐ.– Հա՜յ շունն ես, հա՜… Դե՜, քեզ ես պակա՞ս եմ գոհացրել… Հիսուն մանեթ կտամ, թե Սարիկենց Սմբատը մեկ ճանկս ընկնի։

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Ոտքի է ելնում)։ Բաս տուր… (Մի ձեռքով մուրհակն է ցույց տալիս և մյուս ձեռքը պարզում)։ Հրես, ա՜յ. ձեռք քաշած, տունն էլ գրավ դրած, փողն էլ ես տվի, որ դու ինձ տաս…

ԳՐԻԳՈՐ.– (Ուրախ)։ Հարամզադեն ես եղել, հա՜… Ամա հա՛լալ ըլի քեզ — տամ… (Հանում է և տալիս)։ Տո՜ւր վեքսիլը… Տես թե եկող տարի ո՜նց եմ մեր բաղը լենացնում էդ կողմից…

4) Նույնք, Սերգո, Թերեզա

ՍԵՐԳՈ.— (Երևում է դռան մեջ)։ Աղա՛, գեղացիք…

ԳՐԻԳՈՐ.— (Հախուռն)։ Ի՞նչ… Թող սպասե՜ն։

ՄԱՐՏԻՐՈՍ.— Աղա՛, լա՛վ չի, մի սպասեցնի, կեսօր կդառնա, մարդիկ խեղճ են, գործեր ունեն։

ԳՐԻԳՈՐ.— Բաս լավ. գնա օթախս տար՝ գալիս եմ։

ՍԵՐԳՈ.— Ընտեղ ախր Խաչատո՛ւրն ա խաչքարեցոց հետ հաշիվ տեսնում։

ԳՐԻԳՈՐ.— Ըտե՞նց… (Քիչ լուռ)։ Բաս կաց… (Գնում է դեպի Թերեզի