Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/644

Այս էջը սրբագրված է

տա ձեզ… Քանի նա կա— էլ ես ի՞նչացու եմ… Ես ձեզ կողո՛պտում եմ—զրկում, ես փիս մարդ եմ… Հրե՛ն, լավ մարդը եկել ա. առանց տոկո՜սի թող տա… Չէ՛, էլ չի՛ կարելի, փո՛ղերս տվեք… Գործերս հավաքում եմ։

ԳԱԼՈՒՍՏ.— Դե էլ ինչո՞ւ ես նեղանում, աղա, մենք սկի ե՞րբ ենք տեսել նրա երեսը… Կամ նա ի՞նչ փող ունի, որ մեզ պարտք տա… Մենք քեզ չե՛նք թողալ… դու մեզ մի՛շտ լավություն ես արել… Էս անգա՛մ էլ արա, քեզ ղուրբան… Չունենք, բան չմնաց, քյասադ տարի էր… Ձմեռս կկոտորվեն՝ թե եղածն էլ ծախենք ու պարտքներս տանք։

ԳՐԻԳՈՐ.– Դե բա ես ո՞նց անեմ, խո պարտավո՞ր չեմ ձեզ… Թե լավություն էր—է՛ս էլ հերիք էր։ Հայ-քրիստոնի պես՝ էս երկու տարի փողս ձեզ մոտ՝ աբարո՛տ չի անում… Խո ես խազնատար չեմ, յա միլիոնատեր… Չե՛մ կարա, չէ, փո՛ղս պիտի տաք… (Խիստ՝ նստում է

ՀԱՅՐԱՊԵՏ.— Մեզ վրա իզո՛ւր ես նեղանում, աղա՛… Չունենք, ո՞րտեղից տանք, խո վերջին ունեցածներս էլ չե՞ս ծախելու։ Մի քիչ մա՛ջալ տուր, տոկոսը վրա՛ն եկ՝ մինչև եկող ամառ…

ԳՐԻԳՈՐ.– (Բարկությամբ)։ Փիե՜… Էդ ի՞նչ տեսակ ես խոսում. տո՛, կասես ե՛ս ըլեմ քեզ պարտական… Բա դու խիղճ չունե՞ս… Ես ի՞նչ ասեմ՝ որ ունեցածս էլ ձեզ մոտ քնացնեմ… Հալա գնացել եք էն… էն լա՛ծիրակին էլ գանգատվել, թե ես ձեզ կողո՛պտում եմ, զրկում եմ…

ԳԱԼՈՒՍՏ.— Բո՜ւյ, մեղա՜ աստծու… Ո՞վ ա ըտենց բան արել… Աստվա՛ծ, ե՛րկինք… Ընչի՞, բա մենք երախտիք չե՞նք իմանում…

ՄԱՐԿՈՍ.— Ա՛յ Գրիգոր աղա, յանի որ ուշք չդարձնես էդ երեխին— չի՞ ըլի… Թող իրա համար հա՛ խոսա, ասի. քեզ ի՞նչ կարա անի որ…

ԳՐԻԳՈՐ.— (Ոտքի է ելնում, հպարտ)։ Բո՛, իհա՜րկե… Նա ո՞ւմ շունն ա որ… Ամա ես ձե՛զ համար եմ ասում, ձե՛զ եմ խղճում… որ ըտենց մարդկանց ձեր մեջը թողաք է՜է՜ — էլ ինձ պես մարդիկ ձեզ չե՛ն օգնի… ինչի՞, գժվե՞լ են, որ հա՛մ օգնեն, հա՛մ էլ խոսք լսեն…

ԳԱԼՈՒՍՏ. — Դե ի՞նչ անենք, ա՛ քեզ մատաղ, դուրս խո չենք անելու գեղիցը։

ԳՐԻԳՈՐ.— Դո՛ւրս կանենք, բա՜ս… Ընչի՞, որ հասարակությունը կամենա, չի՞ կարող թուղթ շինի, նաչալնիկին, գուբերնա՛տորին… Թե էս մարդը մեր հասարակության մեջ չե՛նք ուզում… Հը՞, Մարկո՜ս, սա լավ չի՞…

ՄԱՐԿՈՍ.— Բա ի՞նչ անենք: Ախր մի պատճառ պիտի ըլի՞, թե՞ չէ… Էն մարդը որի՞ն ա վնաս տվել… Յա թե չէ…