Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/649

Այս էջը սրբագրված է

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Ներս է վազում վախեցած): Թերե՛զ, քե՛զ ղուրբան, էդ ի՞նչ ա եղել քեզ… Հերդ ղրկեց, թե հիվանդ ես… (Գրկում է նրան)։ Ասա՛, ո՞րտեղդ ա ցավում… Բժի՛շկ կանչենք…

ԹԵՐԵԶԱ.– (Բարձր հեկեկալով՝ ընկնում է մոր գիրկը)։ Ա՛խ, մա՛յր, մա՛յր, որքա՛ն թշվառ եմ ես…

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Բո՛ւյ… ա՛յ աղջի, ի՞նչի, ի՞նչ էլավ քեզ… Գնա՛նք, գնանք պառկիր… (Տանում է ննջարանը, որի բաց դռնից լսվում է Թերեզայի հեկեկալու ձայնը

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— (Ննջարանից)։ Բո՛ւյ, ա՛ղջի, դե հերիք ա, է՜է՜… Պա՛ռկի, պա՛ռկի… էս ջուրն էլ մեկ խմի՛… Ըտե՛նց… (Դուրս է գալիս ննջարանից, դուռը փակում, ականջ է դնում, հետո գլուխը երերցնելով և զգույշ քայլերով՝ խորքի դռնից դուրս է գնում):

Բեմի վրա մի րոպե լուռ է։


8) Գրիգոր, Մարտիրոս, Բաղդասար, Մարգար և Զաքար

ԳՐԻԳՈՐ.— (Ներս է մտնում։ Ետևից՝ Բաղդասար, Զաքար, Մարգար և Քաչալ Մարտիրոս): Էդպես, հա՞, Բաղդասար ամի… (Նստում է)։ Ադա՛, բաս էդքան էլ նամըքյո՞ռ կըլեն… Ինձ վրա գա՞նգատ եք ուզում անի, ինձ սո՞ւդն եք ուզում քաշ տա. էս ծեր հալո՞վս… Հա՜յ-գիտի աշխարհ, հա՜յ, տե՛ս, թե ինչ օրերի ենք հասել: Սրանց ես լա՛վություն անեմ, փող տամ, խեղճությունից ազատեմ, որդկերանցը սովածությունից քաշեմ-հանեմ… (Մարգարին): Ադա՛, բաս դու մոռացա՞ր, որ ոտներս ընկել աղաչում էիր… Թյո՛ւ ձեր նամուսին, հա՛… (Զաքարին)։ Բաս դո՞ւ, բեհայա՛, դո՞ւ չէիր, որ հլա կնգանդ էլ ուղարկել էիր, լա՜ց, արտասո՜ւք… Հմի ինձնից, գանգատ եք անում, է՛լի, ինձ սուդն եք քաշում, հա՞… Տո՛, բաս ուզում եք փողս ո՞ւտի, ո՞ւրանա… Բա ըտենց բա՞ն եք լսել, հը՞…

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Շփոթված)։ Յանի որ… հանց որ… տո՛կոսը…

ԶԱՔԱՐ.– Էլ ինչի՞ ես նեղանում, ա՛ղա, էն ա սուդը կվճռի, է՛լի, թե մենք քեզ էնքա՞ն ենք պարտական, ինչքան գրած ա վեքսիլումը…

ԳՐԻԳՈՐ.– Փիե՜… Տո բաս դո՞ւ չես ձեռք քաշել տակին… Հրես, ա՜յ… (Հանում է վեքսիլների ծրարը և միջից մեկը դուրս բերում՝ խոսելով միաժամանակ): Թուր ու թվա՞նքով վախացրի, բուկիցդ հո՞ւպ տվի… Չէիր ուզում, ո՞ւր էիր ձեռք քաշում: Հը՞, ըտե՞նց չի, Մարտիրո՛ս…

ՄԱՐՏԻՐՈՍ.— Դե հմի աղա՛, սխալվել են, ղալաթ են արել, բաշխի… Խեղճ մարդիկ են, փող չունեն, որ տան…