Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/65

Այս էջը սրբագրված է

քառակուսի մտային պատվարների մեջ ամփոփված զեռունների և ուր նա տեսնում էր միշտ նույն կեղծության մեջ բովված ու նրանով միայն սնվող, միմիայն լափող արարածների…

Քայլում էր միշտ առաջ, և նրա մտածությունը մոլորվում էր միակ մեծ հարցի անհասկանալիության շուրջը։

Ինչո՞ւ այդ բոլոր սոսկալի ստեղծագործությունը, այդ զզվելի, եղբայրասպան, եղբայրակեր մրրիկը, այդ խաոսը. ինչպե՞ս էր պարզելու նա ապագայում, ինչի՞ն հանգելու, ի՞նչ կերպարանքներ գոյացնելու ավելի հեռուն — դեպի ո՞ւր գնալու։

Այսպես տանջված ու մոլորված մտային բարձրությունների վրա, կտրեց նա դաշտ ու հովիտ, անտառ ու ծովեզր, գնաց ու գնաց, պատմությունը չի հայտնում, թե որքա՛ն ժամանակ գնաց, բայց երկար քայլելուց հետո հեռվից, վերջալույսի կարմրորակ լույսի տակ, մի բարձրության վրա նկատեց մի ամրոց՝ շրջապատված գեղածիծաղ ծառաստանով։

— Դարձյալ սողունների բնակարան, — մտածեց նա զզվանոք և ուզեց ծռել ճանապարհը, բայց ներքին մի անբացատրելի ուժ մղեց նրան դեպի ամրոցը և իմաստունը, երբ մթնում էր, իրեն գտավ ամրոցի դռան առաջ:

Ոչ մի մարդկային էակ չէր երևում. ոչ էլ ծառաստանում, ուր վճիտ առվակները մի զովություն էին սփռում, ուր ծաղկանոցները օդն էին լցնում՝ իրենց անուշահոտությամբ, և շքեղ ծառերի տակից երևում էին երբեմն սիրուն եղնիկներ, նայում իմաստունին և անհետանում։

Մտավ իմաստունը այնտեղ, քայլեց սաղարթախիտ բարձր ծառերով հովանավորված լուռ և խորհրդավոր ծառուղիների միջով և ոչինչ չլսեց՝ եթե ոչ, միայն բազմազան թռչունների ճռվողյուն և ջրի մեղմիկ, անուշ կարկաչ։

Ոչ մի մարդկային էակ. միայն բնությունն էր իր խուլ, անորոշ շշուկով, թռչուններն իրենց գողտրիկ դայլայլներով, ջուրն իր մեղմիկ, հանգստացնող ու ջղերը հանդարտեցնող շշուկով, ծառուղիներն իրենց խորհրդավոր լռությամբ և մթնաշաղախ լույսով, օդն իր զովությամբ, միայնությունն իր այդ բոլոր զարդերով, որ իջեցրեց իմաստունի վրա մի երանավետ սփոփանք, ամոքիչ անդորրություն։ Ընկավ նա կանաչ խոտերի վրա, ավազանի կողքին, ուռենու տակ ու երջանիկ՝ որ մի վայրկյան գոնե կարող պիտի լիներ ազատ մնալ հոգեկան տանջանքից —լայն թոքերով ծծեց բնության մեջ սփռված բուրմունքն ու թարմությունը…

Եվ ահա ուռավ նրա սիրտը. և երգեցին թռչունները, մրմնջաց ջուրը, սոսափեցին տերևները, ու իմաստունի այտերն ի վար գլորվեց նրա