Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/651

Այս էջը սրբագրված է

ՔԱՉԱԼ ՄԱՐՏԻՐՈՍ.— Դե պրծի, աղա՛, մի՛ տանջի, խե՛ղճ են, էլ հո՛գի չմնաց վրաները։

ԳՐԻԳՈՐ.— Լա՜վ, է՛դ էլ ա իմ ձեռքին… (Գյուղացոց)։ Ա՛յ, երեքիդ վեքսիլներն էլ… Տեսնո՞ւմ եք… Նայեցե՛ք (Պատռում է)։ Ըսենց… Էլ տալիք չունեք ինձ… Ազա՜տ հմի… Դե գնացե՛ք, ըստունց դենը ինձ ո՛ւշունց տվեք, սո՛ւդ քաշ տվեք…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Ա՛յ, աստված քեզ օր ու արև… Ա՛յ դու ող… Վա՜յ ես քու հոգուն… Յանի որ… (Լռում է հուզված

ՄԱՐԳԱՐ.— (Վրա է վազում և ուզում է Գրիգորի ձեռքը համբուրել)։ Բա ես շո՞ւն եմ, մարդ չե՞մ… քո ա՛մագդ…

ԳՐԻԳՈՐ.— (Ձեռքը ետ է քաշում)։ Լա՛վ, լա՛վ, պե՛տքը չի…

ԶԱՔԱՐ.— Յանի էդ ի՞մ վեքսիլն էր… (Վերցնում է գետնից պատռածը և զննում): Պրծա՞, ա՛ խալխը… դրո՞ւստ… (Ընկնում է Գրիգորի ոտները)։ Բախշի՛ աղա, որ ոտովդ էլ գլուխս տրորես…

ԳՐԻԳՈՐ.— (Ոտքով հրում է նրան)։ Վե՛ր, վե՛ր ռա՛դ ըլի. գնա ժա՛մումը երկրպագություն տուր…

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Այդ միջոցին հանել է ծոցից մի թուղթ, մի կողմի սեղանի վրա է դրել, գրիչ թաթախել)։ Դե՛, ամի՛, Մա՛րգար ու Զաքար, հմի դեսն եկեք… Էս թղթին ձեռք քաշեք…

ԶԱՔԱՐ.— (Վախեցած)։ Ձե՞ռք քաշենք…

ՄԱՐԳԱՐ.— Էդ ի՞նչ թուղթ ա, որ…

ՄԱՐՏԻՐՈՍ.— Պտի ձեռք քաշեք, որ էլ աղիցը պահանջ յա գանգատ չունեք, որ շնորհա՛կալ եք, որ աղեն ձեզ լա՛վություն ա արել…

ՄԱՐԳԱՐ.— Յանի էդ հարկավո՞ր ա… Որ ձեռք չքաշենք՝ չի՞ ըլի…

ԳՐԻԳՈՐ.— (Սառը): Թո՛ղ, Մա՛րտիրոս, իրա՛նց կամքն ա. կուզեն՝ ձեռք կքաշեն, չեն ուզի՝ թող գնան, աստված իրանց հետ… Ամա թե շնորհակա՛լ են, թե իմանում են իմ արած լավությունը…

ՄԱՐՏԻՐՈՍ.— Հա՛լբաթ… Բա ըտենց բա՞ն կըլի: Էլ ի՞նչ են ուզում։ Հա՛մ պարտքներիցը պրծնեն, հա՛մ էլ օրհնող չըլե՞ն, ոտքերդ էլ չպա՞չեն… (Բաղդասարին): Ե՛կ, ե՛կ, ամի՛, ձեռք դիր ըստեղ, որ ո՞վ ա իմանում — բալքի ըստեղ-ընտեղ խոսաք աղի վրեն…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Յանի որ… ի՞նչ կա, ձեռք դնեմ… (Մոտենում է և նայում է թղթին, հետո՝ հանկարծ)։ Դո՛ւ քո աստվածը, քյաչա՛լ, սա խո թազա վեքսիլ չի՞…

ՄԱՐՏԻՐՈՍ.— (Ծիծաղում է): Տո քո՞ռ ես, վեքսիլը հասարակ թղթից ջոկել չե՞ս կարում… Հրե՛ն, Զաքարը կարդալ գիտի, թող կարդա՝ հետո ձեռք քաշեք… (Թուղթը տալիս է Զաքարին)։ Կարդա՛, Զաքա՛ր։