Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/654

Այս էջը սրբագրված է

Ո՛չ մի շրջան, ո՛չ մի կո՛ւլտուրական կյա՛նք… Մարդ ակամա ենթարկվում է տիրող դանդաղ ոգուն… Ախորժա՛կ էլ չի մնում պարապելու… (Վերադառնում է դեպի գրասեղանը)։ Եվ, սակայն, որքա՜ն վշտեր ու ցավեր, որքա՜ն անարդարություններ…

4) Նույն և Արշակ

ԱՐՇԱԿ.– (Շտապով ներս է գալիս սրահի կողմից, մի կապոց թուղթ ձեռքին)։ Ներեցե՛ք, սպասեցնել տվի ձեզ… Ահա՛ ձեր ուզած թղթերը: (Ձեռք է տալիս և կապոցը հանձնում

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ոչի՛նչ… Շնորհակալ եմ… Այստե՞ղ են բոլորը։

ԱՐՇԱԿ.— Բոլորը… (Նստում է)։ Տխուր եք երևում։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Մատվեյ Եգորիչը տեսա՞վ ձեզ… սրահում։

ԱՐՇԱԿ.— Այո՛, ասացի, որ քիչ գործեր ունենք առանձին… Գիտե՞ք, ամրողջ գյուղը գրեթե ոտքի վրա է։ Բոլորը հետաքրքրվում են, թե ի՞նչ կլինի վերջը: Երեք-չորս հոգի բռնել ճանապարհին՝ խնդրում էին, որ տեղեկություններ տամ։ Իհարկե, ասացի, որ դուք դեռ բողոքը չեք ներկայացրել։ Բոլո՛րը, սակայն, սպասում են դատի սկսելուն… Որ գիտենաք, թե քանիսների՜ն է թշվառացրել այդ մարդը, քանիսնե՜ր շունչ կառնեն նրա ընկնելովը…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իսկ ի՛մ, ի՛մ դրությունը… Գիտե՞ն նրանք այդ։ Գիտե՞ն, որ հրեշը ընկնելով՝ կփշրի ամենից առաջ ի՛մ սիրտը, ի՜մ ծնողների ու ի՜մ կյանքը…

ԱՐՇԱԿ.— (Լուրջ)։ Լսեցեք ինչ կասեմ ձեզ պ. Ալեքսա՛ն… Երբ սրանից մի քանի ամիս առաջ գյուղ եկաք և առաջին օրն իսկ այնքա՛ն ոգևորությամբ խոսում էիք ձեր անելիքների մասին, ես ուրախացա, որ մեր զարգացածներից մե՛կը, վերջապես, մտածեց իր գործունեությունը լիովի՛ն նվիրել գյուղացուն, բավականանա՛լ չոր հացով, միայն թե գործել այնտեղ, ուր թանձր խավարը լույսի շառավիղի՛ն է կարոտ՝ ինչպես թոռոմող բույսը՝ անձրևին… Ես ուրախացա, երբ դուք վճռեցիք այդ նշանավոր վաշխառուին ոչնչացնելու համար կռվի ելնել… Ձեր այդ քայլը արդար և մեծ գործի համար՝ ոգևորեց ի՛նձ ևս… Իսկ այժմ, ա՛յն րոպեին, երբ կտրական մեծ հարվածը պիտի իջեցնեք, զարմանալի է ձեր վհատությունը… Այդպես չե՛ն ընկճվում նրանք, որ կռվի են ելնում հանուն արդարության. այդպես չե՛ն ողբում…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Հե՛շտ է ասել այդ բոլորը, շա՛տ հեշտ է… Ինչո՞ւ կեղծել սակայն, երբ սրտիդ խորքում այդպե՛ս չէ. երբ զգում ես, որ