Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/669

Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Աստվա՜ծ էլ կէրի, հետո, որ դուրս եկավ՝ սուտ երդվիլ եք, վա՜յ ձեզ. սիբիրա՛կան կդառնաք… Դե՜, գնացեք այժմ. ձեզ բոլորիդ վկա եմ գրում…

ՄԱՐԳԱՐ.— Ալեքսան բեկ, մե՛ղք ենք, մի՜ անի։

ԱՐՇԱԿ.— (Մոտենում է նրանց)։ Դուք ի՞նչ մարդիկ եք, որ ձեզ մեղքանան. դուք ախմախնե՛ր եք… Մարդը ըստեղ իրան զրկո՛ւմ ա, իր կյա՛նքն ա փշրում, որ ձեզ լավություն անի…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Դե թող չա՛նի էդ լավությունը. չե՛նք ուզում…

ԱՐՇԱԿ.— Թյո՛ւ ես ձեր (Հրելով գյուղացոց)։ Գնացե՛ք, գնացե՛ք, հե՛տո ինքներդ կտեսնեք, թե ի՜նչ ախմախներ եք եղել…

ՍԵՐՈԲ.— (Առաջ է գալիս)։ Ինձ վկա՛ գրի, Ալեքսա՜ն բեկ. ես չե՛մ ծախի հոգիս, ես հասկանում եմ, որ դու մեր լավն ես ուզում, որ ուզում ես գեղը Գրիգոր աղի ձեռքիցը ազատել… (Գյուղացոց)։ Ադա, բաս ծտի խե՞լք էլ չունեք… Ասե՛նք հիմի Գրիգոր աղեն ձեր պարտքը բախշեց… Կբախշի, բա ի՞նչ կանի, վախն ընկել ա ջանը, սուդից վախենում ա. ընենց ա անում, որ անիրավությունների ճոնդերը ծածկի… Բա հիմի արավ, ինքն էլ պրծավ, է՛լի գեղումը մնաց… տո՛, էլ պարտք չե՞նք անելու, էլ մեր բաղը չի՞ խարաբ ըլի, յա քյասադ տարի չի՞ գա… Յա թե՝ Գրիգոր աղեն է՞շ կըլի, որ այսուհետև գործը փիս բռնի… Հը՞, ա՛ խալխը, դրուստ չե՞մ ասում… (Ավելի մոտենալով և համոզողական): Տո՛, ասենք թե աժդահան եկել ա՝ գեղիցը մա՛րդ ա ուզում, որ գեղը կուլ չտա… Սա մի հեքիա՛թ ա… Որ էսօր տվիր՝ կշտացավ, ա՛, բաս էլ չի՞ քաղցածանալու. էլ ետ չի՞ գալու ուզի, ու ըտենց սաղ գեղը ուտի՞… Դե՛, Գրիգոր աղան աժդահա ա, է՛լի… էսօր վախլությունից ձենը կտրեց, եղ քսեց մեր գլխին, լավամարդ դարձավ… տո՛, բաս հենց ըտենց չե՞ն խաբում մեզ… Բա չե՞ք տեսել տղերքը ո՞նց են խաղում… փիսո՜, փիսո՜… ու բամփաչեն գլխովը տալի՜ս… (Արշակին)։ Հը՞, քյոխվա՛, փի՞ս եմ ասում, ըտե՞նց չի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Որ զարմացած և հիացմունքով լսել էր)։ Ա՜յ քեզ ճարտարախոս…

ԱՐՇԱԿ.— (Սերոբին)։ Այ դու շա՛տ ապրես, Սերո՛բ, մարդ մարդ ես եղել… Ըտենց ա, բա ը՞տենց չի:

ՍԵՐՈԲ.— (Գյուղացոց): Մեկ էլ որ, ա՛ խալխը, կուզեք ձեռք քաշեք, կուզեք՝ չէ — մեզ վկա են կանչելու, երդո՜ւմ են տալու… Բա ինչի՞ մենք մլթո՞նի ենք, հայ քրիստոնյա չե՞նք, որ համ երդում տանք, համ էլ սուտ խոսանք… Տո՛, յանի որ սուտ էլ խոսանք, սլեսչին հիմա՞ր ա, չի՞ կարա մեզ խոսացնելուց՝ մեր սուտը բռնի… Էն