Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/7

Այս էջը հաստատված է

մեկի, որոնց Օձերը զինեցին մեր դեմ. մեր այն ցեղակիցները, որոնք այնքան ստորացան, այնքան ընկան, որ ոչ միայն սողոսկում են Օձերի ոտքերի տակ, ոչ միայն լիզում են նրանց զարնող ձեռքը, այլև մեզ, իրենց եղբայրներին, ամեն րոպե մատնում են օտարին… Պնակալեզ-շան ձայնն էր, որ լսվեց։ Վեր թռա. հարկավոր էր պաշտպանվել։ Բայց լավ գիտես, կի՛ն դու, որ հազար անդամ ավելի դժվար է ազատություն հուսալ, երբ մատնվում ես եղբորդ ձեռքով։ Պնակալեզը գտել էր իմ տեղը և գալիս էր։ Աշխատեցի փախչել․ ինձ նկատեցին, ետևիցս ընկան խմբով, կծեցին, պատառոտեցին… Հազիվ դուրս պրծա, և ահա տեսնում ես վիճակս…

Ասաց Սարհոնը և նորից աչքերը փակեց։ Իսկ Զեբը զայրույթից դողում էր։

Մի րոպե խորին լռությունն էր, որ թագավորեց քարայրում։ Հետո գայլը նորից բաց արավ աչքերը և մրմնջաց բողոքող ձայնով։

— Օ՜, այդ մարդի՜կ, այդ Օձե՜րը… Ի՞նչ էի արել ես նրանց։ Մի՞թե իրավունք չունենք մենք էլ վայելելու բնությունը․ մի՞թե ամեն բան միայն նրանց է պատկանում և ուրիշ ոչ ոքի։

— Մարդկանց անգթությունը,— ասաց Զեբը,— հայտնի է, պարզ է. այդ ոչի՛նչ. բայց ի՞նչ ասել մեր պնակալեզ եղբայրների մատնության մասին։

— Է՜հ, կին դու, չէ՞ որ նրանց էլ մարդն է, որ զինել է մեր դեմ. այդ մարդ-օձի պես անգութ, անսիրտ և գազան արարած չկա աշխարհում… Ո՛չ, չկա… և նրանց պիտի ոչնչացնե՛լ…

Այդ ժամանակ միայն գայլուհին հիշեց փոքրիկ մանուկին. հիշեց և սարսափեց։ Ի՞նչ պիտի աներ, եթե ամուսինը զգար նրան, չէ՞ որ պիտի բզկտեր։ Օձուկին նա սկսել էր սիրել և չէր կամենա նրա մահը. Սիդն ու Սամը կմեռնեին, եթե Օձուկին մի վնաս հասնելու լիներ։

— Չէ՛, մա՛րդ,— ասաց նա ամուսնուն․― մարդը այնքան մեղավոր չի դրանում․ ոչնչացնելու արժանի մեր այն պնակալեզ եղբայրներն են, որոնք մատնում են մեզ։ Առանց նրանց մատնության Օձը ե՞րբ կարող է մեր տեղը գտնել, մեզ հասնել, մեզ վնասել։ Նա ի՜նչ է որ… քանի՜–քանի՜ օձերի դու ինքդ պատառոտել ես։

— Իրավ է,— մռմռաց Սարհոնը.— մարդը, չնայելով իր խորամանկության և չարասրտության, շատ թույլ է և վախկոտ. մի գայլ նրանց հինգ-վեցին կպատառոտի, եթե այն անիծյաչ Կարմիր֊հրեշը (կրակը) չունենան իբր զենք։

Զեբը քիչ շունչ առավ. ամուսինը մեղմանում էր. այժմ ժամանակ էր մանուկի գոյությունը հայտնելու։