ոգևորված դրության մեջ, այնքան այժմ ընկճված էր, թույլ, գունատ, և այլևս լույսի ո՛չ մի նշույլ չէր ողողում դեմքը. ընդհակառակն, լույսի աղոտ մի ճառագայթ մեռյալի կերպարանք էր տվել նրան։
Կռթնած իմաստունի թևին, քայլում էր հիվանդի պես:
- Գնաց… — խոսեց նա, — երբեմն միայն երևում է այստեղ, որպես այցելու մի հիվանդի, որին խղճում են, որպես մի զոհի, դեպի որը մի անդիմադրելի խղճահարություն են զգում. գնաց, գուցե էլի գա։ Օ՛, ես նրան ամեն անգամ ընդունում եմ ոգևորված, նորից կենդանացած. բայց երբ ներս մտնելով առողջությունս է հարցնում, գթալից աչքերով ինձ նայում, երբ ձեռքս բռնած՝ խնամոտ համակրանք է ցույց տալիս, և երբ մտածում եմ, որ նրան ինձ մոտ պահելու համար պետք ունեմ չափավորել զգացումներս, ծածկել տանջվող ուղեղիս դրությունը, երբ տեսում եմ, որ իմ վիճակը նրան ավելի է տանջում, և նա խղճում է ինձ — զգում եմ, որ նա ավելի է խուսափելու ինձնից… Ես հասկանում եմ, շատ լավ հասկանում նրա հոգու դրությունը։ Ինքն իրեն հանցավոր է զգում իմ վերաբերությամբ, զգում է, որ ես իր զոհն եմ և քանի ավելի շեշտվում է նրա մեջ այդ գիտակցությունը, այնքան մեծանում է նաև ինձնից խուսափելու պահանջը… Հարկավոր է ուրեմն ծածկել նրանից ամեն ինչ — դրությունս, զգացածներս — և ահա այդ է, որ չեմ կարողանում անել. այդ անընդունակությունն է իմ թշվառության միակ պատճառը…
- Կեղծել չգիտես ուրեմն։
- Կեղծե՞լ… Մի՞թե կարելի է սիրո մեջ կեղծություն դնել. սիրել կեղծելո՞վ. և ինչո՞ւ համար։ Ինչո՞ւ այդ միակ տեղում, այդ միակ հանգամանքում գոնե անկեղծ չլինել, ինչո՞ւ գիտակցաբար կեղծել: Որպեսզի չընդհատվի՞։ Ինչո՞ւ ուրեմն խայծեր սարքել, խաղեր ստեղծել։ Ո՛չ, ես կեղծել չեմ կարող։ Եթե երջանիկ եմ — դա երևում է իմ դեմքից, իմ վարմունքից, իմ խոսքերից։ Ես հոգիս բաց եմ անում իր բոլոր մութ խորշերով և լուսավորում նրանց իմ խոսքերով, նրա ամենաթաքուն անկյունը պարզում իմ վարմունքով. ես թաքցնել չեմ կարող զգացածներս նրա առաջ, որին սիրում եմ, որի համար եմ միայն շնչում… Ես անդադար և անընդհատ արտահայտում եմ իմ սերը, իմ զգացումները, որովհետև հոգուս մեջ այդպես է, որովհետև թաքցնել, ծածկել և սակավ առ սակավ տալ չեմ կարող։ Նրանով լիքն է սիրտս, դուրս է հոսում, և ես մինչև հատակը ցույց եմ դնում նրա առաջ ինչ որ ունեմ, ինչ որ շնչում եմ, ինչի համար որ ապրում եմ. ես անդադար և անընդհատ ցույց եմ տալիս նրան, որ սիրում եմ և որ առանց նրան շնչել