Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/79

Այս էջը հաստատված է

ես. չէ՞ որ այս բոլորը խոնարհվում են ակնարկիս առաջ, չէ՞ որ ես կանայք ունեմ և շատ որդիներ. մի՞թե պիտի ասես, որ նրանցից ոչ մեկն ինձ չի սիրում…

Ծերունին խոնարհվեց, կյանքիցը վախեցավ և խոհեմությամբ՝ լուռ կացավ։

— Գնա՛, գնա՛,— արհամարհանքով հեռացրեց նրան արքան,— դու երազող ես, դու ծերացել ես… և կտեսնես, որ սխալվում ես։ Ահա ես կհրամայեմ, որ այդ կնոջն ու որդուն հարեմս քաշեն, կինը եթե ասածիդ պես գեղեցիկ է, ինձ կպահեմ, և պիտի տեսնես, որ դրանով ոչինչ չի պակասիլ Հասանի ուժից։

Ու հրամայեց։

Հինգ ձիավորներ իսկույն Հասանի տունը շրջապատեցին, դուռը կոտրեցին, ներս մտան գիշերով, ամեն բան տակնուվրա արին և Հասանի կնոջն ու որդուն հարեմ քարշ տվին։

Մյուս օր առավոտ արքան կանգնած էր նույն շենքի վրա, երբ Հասանը տխուր ու արտասվաթոր՝ գործելու եկավ։

Ամենքը ժողովված նրան էին սպասում։ Կռացավ Հասանը, ուզեց էլի մի մեծ քար շարժել տեղից, և չկարողացավ. փորձեց ավելի փոքրը, բայց թևերը կարկամել էին, ծնկները ծալվեցին, փոքր քարն անգամ տեղից շարժել չհաջողվեց։

Ու բարձրացավ նա, հուսահատաբար, ձեռքերը ցած թողեց, հետո կծկվեց գետին և աղիողորմ ու սրտապատառ՝ հառաչեց, ասաց.

— Ա՛հ, էլ ուժ չմնաց…

1897


,,Le veau d'or est toujours debout
On ensence sa puissance[1].
«Ֆաուստ» (օպերայից)

Երկրագնդի խորքերում, այնտեղ, ուր գտնվում է դժոխքի թագավորությունը, սատանայապետ Բեհեղզեբուղի ահավոր պալատի առաջ, մեծ իրարանցում կար։

  1. «Ոսկյա հորթը միշտ կանգուն է, և խնկում են նրա զորությանը»: