Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/80

Այս էջը հաստատված է

Ամբողջ դժոխքն այդօր տակնուվրա էր։ Հազարավոր մեծ ու փոքր սատանաներ, ճչալով ու աղմկելով, հրապարակ էին խուժում ամեն կողմից: Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս հանկարծ բացվում էին բոցավառ անդունդներ, նրանցից դուրս վիժում ամեն տեսակի այլանդակ հրեշներ՝ կատաղի գժերի պես ոռնալով։

Այդ բավական չէր. դժոխքն ամբողջ հիմունքներով ցնցվում էր և դուրս նետում իր խորշերից բոլոր դևերին, դևիկներին, բոլոր քսու, նենգավոր ոգիներին, որոնք սարսափահար, միմյանց կոխոտելով՝ լցվում էին պալատի առաջ։

Ւսկ ի՜նչ դրության մեջ էին սատանայապետը, նրա պալատականները, այլև խորհրդականները, որոնք վախից լեղապատառ՝ միմյանց գլխի վրայից ցատկելով, միմյանց տապալելով՝ շտապում էին ապաստանել գահի տակ։

Հուզումն սկսել էր վաղուց։ Լրաբերներն ամեն կողմից հասնելով՝ հետզհետե սպառնալից համբավներ էին բերում դժոխքի արքային, և սա, գունատ ու շվարած, ժողովել էր շուրջը ստորերկրյա թագավորության իմաստուններին ու գիտուններին և խորհրդի նստել։

Մինչ այդ, սատանաների ամբոխը պալատի առաջ ավելի ստվարանում էր և բարձրաձայն պահանջում, որ թաղավորը դուրս գար, երևար և շտապեր փրկելու ստորերկրյա աշխարհը վերահաս վտանգից։

Բայց ի՞նչ էր եղել ուրեմն։ Երկրաշա՞րժ էր, ջրհեղե՞ղ, թե՞ գուցե հեղափոխություն։

* * *

Ահա թե բանն ինչումն էր։

Վերևում, մարդկանց միջ, հայտնվել էին ինչ-որ նոր մտքեր, որոնք մեծացել՝ ուժգնությամբ կործանում էին ոսկյա և արծաթյա բոլոր կուռքերը, մեծ ջանասիրությամբ փշրտում էին նրանց, ոտնատակ տալիս, տրորում և արհամարհում։

Կուռքերի փշրվելու հետ՝ մարդիկ հալածում էին իրենց միջից չարության ոգիներին էլ և դյուրությամբ ազատվում ո՛չ միայն սատանաների լարած թակարդներից, այլև հավասարության և արդարության սուրը ձեոքներին՝ ոչնչացնում էին ստորերկրյա իշխանության բոլո՜ր գործակալներին։

Փոքր մի ևս- և չարությունը պիտի մնար անզեն ու անզոր…

Դե՛հ, դո՛ւք ասացեք, էլ ինչպե՜ս դժոխքն ու նրա բնակիչները կարողանային հանգիստ մնալ։

Սատանայությունն ամբողջ՝ ջանք էր գործ դրել վերականգնելու ոսկյա