հորթն ու նրա երկրպագությունը։ Հնարքներ էր մտածել՝ անհավասարության ուժը պահպանելու։ Մինչև իսկ մարդկության կեսը զինել էր մյուսի դեմ, սակայն ամեն տեղ պարտություն էր կրել։ Հե՛նց որ ընկնում էր ոսկյա հորթը— սատանաները ջարդված, գլխիկոր, հուսաբեկ և ահալից՝ փախչում էին և այժմ ահա հուսահատ՝ համոզված էին, թե հասել էր այլևս դժոխքի վերջին օրը։
Սատանայապետը պարզ տեսնում էր, որ գահը երերում էր, որ իր բանն էլ բուրդ էր և որ ոսկյա հորթի անկմանը հետևելու էր չարության իսպա՛ռ ոչնչացումը։ Դրա համար նա մեծ ժողով էր գումարել դժոխքի խելոք ոգիներից և հարցը նրանց վիճաբանության ենթարկել։
Բայց օրերն անցնում էին, վերևում ոսկյա հորթերը միմյանց ետևից փշրվում, չար ոգիները բազմությամբ լեզապատաո խուսափում էին, և սակայն ներքևում, արքայական մեծ խորհուրդը ո՛չ մի հետևանքի չէր հասել: Մյուս կողմից էլ պալատի առաջ մեծանում էր ամբոխը և աղմուկով դղրդացնում դժոխքը:
Վերջապես Բեհեղզեբուղը գունատ, կատաղի, ելավ ժողովից, հրամայեց բանալ պալատի դռները և դուրս եկավ ժողովրդի հետ խոսելու։
Դժոխքը թնդաց սատանաների հուսալից աղաղակներից, երբ սատանայապետի ահեղ դեմքը երևաց։
Պահ մի խոր, անշշուկ լռություն տիրեց, որից հետո Բեհեղզեբուղը ցցեց հասակը և դաոնալով սպասող ամբոխին, սկսեց խոսել այսպես.
- Սիրելի՛ սատանաներ…— ասաց նա,— այսօր մեզ համար կյանքի և մահվան խնդիր կա, այսօր վճռվում է մեր թագավորության և ձեր բոլորիդ վիճակը. եթե մի հնարք չգտնենք, չի՛ անցնի մի քանի օր, և կոչնչանան վերևում բոլո՛ր ոսկյա կուռքերը, իսկ դա կոչնչացնի և մեզ: Այնտեղ, երկրագնդի երեսին, շնորհիվ ոսկյա հորթին, մեր իշխանությանն ապահովված էր և մեր եկամուտն առատ։ Բայց ահա հայտնվել է այժմ արհամարհանք ու անարգանք դեպի այդ հորթերը, նրանց առաջ այլևս չեն խոնարհվում, նրանց այլևս չե՛ն ուզում զոհ տալ իրենց ամբողջ զգացմունքները, միտքն ու հոգին։ Դա սոսկալի է մեզ համար։ Այժմ ոտների տա՛կ են առնում ոսկյա հորթերին, թքում ու ցեխոտում են նրանց… և դողո՛ւմ է մեր գահը, խարխլվում մեր թագավորությունը, թուլանո՛ւմ է մեր ազդեցությանը։ Իմ խորհրդականներն ու գիտունները չկարողացան հնարք գտնել այդ ավերածության դեմ. այժմ հույսս այն է, որ գուցե ձեր մե՛ջ գտնվի մի հանճարեղ գլուխ և մեզ մի միջոց առաջարկի։
— Լա՛վ իմացեք,— շարունակեց նա ներշնչող ձայնով,– որ ձեզնից նա, ով հնարը գտնի ոսկյա հորթի պատիվն ու հարգանքը վերականգնելու մարդկանց մեջ, ո՛չ միայն կդաոնա անմահ բարերար ամբողջ սատանայության, այլև կլինի իմ փոխանորդն ու սիրելին, անունն էլ կրակե տառերով կգրվի սատանայական տարեգրության մեջ… Դե՛հ, մտածեցեք, իմ ճարպի՛կ հպատակներ. պեղե՛ք ձեր ուղեղը, և թող խոսի հնարք գտնողը։ Բայց շտապեցեք. մի քանի օր ևս, և արդեն ուշ կլինի…
Ասաց Բեհեղզեբուղը և շատ քիչ հույս դրած իր հպատակների ուղեղի վրա, իր նախաճաշը պահանջեց։
Ամեն սատանա, փոքր թե մեծ, արու թե էգ, քիթը կախած, մատը ճակատի վրա, սկսեց հնարք որոնել։ Տիրել էր խորին լռություն։ Սատանայական միտքը երկունքի մեջ էր։
Հազի՛վ Բեհեղզեբուղը նախաճաշը վերջացրել էր, որ մութ անկյունից դուրս պրծավ ամենափոքրիկ մի սատանա, ճարպիկ ոստյունով թռավ բոլորի գլխի վրայից և եկավ ցցվելու գահի առաջ։
- Ձերդ խավա՛ր մեծություն,— ասաց նա,– ես մի միջոց ունեմ աոաջարկելու։
- Դո՞ւ,, ճղճի՛մ սատանա,— ծիծաղեց սատանայապետը,— խոսիր տեսնե՛նք: Բայց զգուշացիր. եթե հիմար բան ասես, այնպես կշպրտեմ քեզ, որ մարդկանց լավ հատկությունների պես կտափակես և աննշմարելի կմնաս հավիտենականության մեջ…
Ճղճիմ սատանան դողաց այդ սպառնալիքի առաջ և կակազելով ասաց.
- Ձերդ խավա՛ր մեծություն, ես մտածեցի, որ ոսկյա հորթի անկման պատճառը մի մարդ է, որ այժմ հայտնվել է վերևում և որ… որ…
- Ահ, այդպե՞ս… — քրքջաց սատանայապետը հեգնությամբ,– դու այդպե՞ս կարծեցիր, անմիտ… Դու հիմար ես և չգիտես դեռ, որ մի միակ մարդը չի՛ կարող կախարդական գավազանի ազդեցության տակ՝ փոխել մտքերը… Դու այդ չգիտես, ուրեմն գնա՛ և սովորիր…
Հետո պոչը շարժեց և ճղճիմ սատանային այնպես շպրտեց, որ նա մինչև այսօր էլ աննշմարելի՝ սլանում է հավիտենականության մեջ։
Նրա դառը վիճակը կասեցրեց շատերին, որոնք պատրաստվում էին խոսելու։ Եվ այդպիսով, երկա՜ր, ոչ ոք ձայն չէր հանում։
- Այս ի՞նչ է,— գոչեց Բեհեղզեբուղը կրակ կտրած,— մի՞թե բթացել են սատանայական մտքերը…