լով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հիհ ընկերներին։
— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։
— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։
— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։
Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։
— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունես այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը դժվար…
— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։
— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խե՛նթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի…
— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ:
— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։
— Բարձրության վրա…
— Կայծակին զո՛հ կլինես։
— Լեռների ծայրին…
— Դու անոթի՛ կմնաս, ծարա՛վ, պապակվա՜ծ։
— Բայց բարձր կլինեմ…
Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։
Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում, և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում—գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում…
Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում… և սակայն ծառը համառ, անդրդվելի ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում…