Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/86

Այս էջը սրբագրված է

մահը խնկում. մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր. և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի՛ ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ…

1960

Հրապարակի վրա, այնտեղ, ուր մարդիկ միշտ ժողովվում են, կաղնի ծառի տակ, մերկ կնոջ մի պղնձյա արձան կար կանգնած։

Մերկ կնոջ… բոլորովին մերկ մի գայթակղություն այն պատկառելի մարդկանց, որոնք մերկ ոչինչ տեսնել չեն սիրում։

Թե որտեղից էր այղ արձանը և որի կերտած, կամ թե ինչ միտք ուներ և ինչու թողած– ոչ ոք չգիտեր։

Ոչ ոք չէր հիշում նրան այդտեղ դնելու օրը։ Վաղուց էր, շատ վաղուց: Պատկառելի մարդիկ, երկար Ժամանակ և գրեթե միշտ, նրա մոտովն անցնելիս երեսը դարձնում էին, որ «անամոթ» արձանը չտեսնեն. կանայք երբեք չէին անցնում նրա կողքից. անցնողն էլ «անբարոյական» տիտղոսն էր ստանում։ Երբեմն միայն հետաքրքրության համար, հեռվից և այն էլ գաղտագողի էին դիտում արձանը։

Եղան տարիներ, որ հասարակությունը քանիցս կամեցավ փշրել արձանը, անամոթությունը մեջտեղից վերացնել։ Վեճ ու կռիվ, անեծք կրոնավորներից, բողոք պառավներից,— ոչինչ չազդեց արձանին։ Միշտ այնտեղ, իր համարձակ մերկությամբ պատվանդանի վրա անդրդվելի կանվնած, ակնարկն անհունության, կարծես հեգնորեն ժպտելով, թողնում էր, որ մարդիկ կատաղեն, բռունցք ցույց տան, դավեր լարեն և սակայն անզոր նրա դեմ՝ նորից գան և շուրջը ժողովվեն։

Բայց ի՞նչ էր ուրեմն այդ մերկ արձանը, – ո՞վ էր նրան մեջտեղ բերել, այդպես բաց տեղ դրել և ինչո՞ւ ամեն ջանք նրան ոչնչացնելու՝ մնում էր ապարդյուն։

Արձանը պաշտպաններ ուներ։ Թե ո՞վ էր նրան այնտեղ կանգնեցրել – այդ հայտնի չէր. բայց թե ո՞վ էր նրա պաշտպանը – դա ակներև էր։

Կաղնին պատկանում էր ժողովրդին։ Վաղուց ի վեր, նվիրական դարձած, սերունդից սերունդ ավանդաբար մնացել էր մի համոզմունք,

որ եթե ծառը կտրվի կամ մերկ կնոջ արձանը տեղից շարժվի, կռիվն ընտանիքների մեջ պիտի մտնի և հետզհետե ամենքին անբախտացնի։

106