Այդ օրվանից ահա` պատերազմիկ զորեղն արյունի մեջն է որոնում Արդարությունը, հարուստը` ոսկու, և թշվառը, նստած իր վշտերի մոտ, արցունքներով մեծացնում է Բողոքին, որ նա վերակոչե աշխարհում կորսված Արդարությունը…
1902
Հեռու Արևելքում, կարծեմ Հնդկաստանում (զրույցն այդ մասին որոշ ոչինչ չի ասում)– կար մի հզոր, հարուստ թագավոր: Ապրում էր նա, ինչպես ամեն արևելյան իշխան, ճոխ ու փառավոր և թողնում էր, որ շուրջը թշվառությունը հպատակներին մաշեր, միայն թե իրեն պալատ ու կանայք չպակսեր, հետևորդն ու իշխանն ապրեր առատության մեջ, կյանք վարեր շռայլ, միշտ հաճոյալից:
Ուներ նա պալատներ` միմյանցից ընդարձակ, շքեղ պարտեզներ` միմյանցից գեղածիծաղ, սակայն և միշտ շինում էր, տնկում էր նորը և նրանց համար` իր հպատակների ոչ քրտինքն էր խնայում, ոչ էլ ջանքն և ուժը:
Ասում են, որ արքան սիրում էր անընդհատ շինել, և շինել միմիայն պալատներ` իր բնակության, պարտեզներ` իր վայելչության համար:
Ու շինում էր: Ի՞նչը կարող էր նրան արգելք լինել: Հո՞ղն էր պակաս: Մի՞թե տերության հողի կեսն իրենը չէր– իր որսի, պալատների, կանանց ու պալատականների համար, բնակարանի և պարտեզների ընդմիշտ հատկացրած:
Շինող ձեռքե՞ր էին պակաս: Մի՞թե իր հպատակների ուժն ու քրտինքը նա չէր գործածել: Եթե ուզենար, չէ՞ր կարող նույնիսկ նրանց դիակներից պատեր կանգնեցնել կամ նրանց արյունը շաղախի գործադրել:
Կաներ: Արևելյան արքաները ինչե՜ր ընդունակ չեն անելու:
Եվ ահա նա մի օր մտածեց այնպիսի մեծ ու շքեղ պարտեզ շինել, որի մի ծայրից մյուսը գնալու համար օրեր պետք լիներ, մեջը` բույս, ծառ, պտուղ կամ բանջար, թռչուն ու գազան այնքան շատ լիներ, պահվեր-պահպանվեր, որ իր հաճույքի համար, ուզած ժամանակ, ձեռքի տակ գտնվեր:
Մտածեց ու արավ: Առաջ քշել տվավ հպատակներին դեպի ընտրած հողը, տնկեց ու շինեց, հեռու տեղերից ծառեր բերել հրամայեց, կազմեց