Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/98

Այս էջը հաստատված է

ապա փլեցնում, ջրի տակը ծածկում ամեն պալատ ու պերճություն:

Եվ այսօր, եթե այն հզոր արքայի, պալատի ու պարտեզի տեղը լճեր են կանգնած և կամ ճահիճներ – դրանց անողն ա՛յն փոքրիկ առվակն է, որ անհայտ աշխարհներից գալով` հող է միշտ գտնում իր ճանապարհի համար, մեծանում է, գետի է փոխվում և երկրի մեջ իր թագավորությունը կանգնեցնում:

Թումբ կամ ամբարտակ, փոխանակ կասեցնելու նրան, ավելի կատաղեցնում են, ավելի ուժ տալիս: Եվ նա քայլում է միշտ, ո՛չ միայն պալատների գլխովն անցնում, այլև մտնում-սպրդում է ամեն մի պարտեզ, ամեն ծառաստան և իր ջրերի տակ թողնում ա՛յն ամենը, ի՛նչ արքայական է կամ իշխանական…

1908

I

Վաղուց, երևի շա՜տ դարերից ի վեր, այն մաքուր և հորդառատ ջուրը, որ բխում էր լեռներից, գնում էր ոռոգելու ստորոտի դաշտերը և դարձնում նրանց հարուստ անտառներ, պարարտ, արդյունավետ արտեր ու գեղածիծաղ մարգագետիններ:

Քաղաքի նմանող մի գյուղ ծաղկում էր ջրի ափերին: Ծառաստան և այգի զարդարում էին նրան. երկիրը, լի ցնծությամբ, արտադրում էր շատ բարիք. մարդիկ երջանի՛կ էին այնտեղ. հավասարապես վայելում էին ջրի բաշխած հարստությունը, ճաշակում նրա արդյունքը:

Վաղո՜ւց, գուցե դարերից ի վեր էր, որ այդ մաքուր ու հորդառատ ջուրը ո՛չ ցամաքում էր, ո՛չ դադարում, ո՛չ էլ պակասում: Գարնանը հորդանում էր, քիչ պղտորվում, սակայն, տարվա ամեն եղանակին կար նա, հոսում էր անընդհատ, խաղում ափերի հետ, ոռոգում նրանց:

Բայց երկար չտևեց այդ:

Մի օր հանկարծ խուլ հուզումն առաջացավ նրա ափերի վրա: Մարդիկ իրար անցան, խմբվեցին, գետը զննելու իջան և վճռեցին, որ ջուրն սկսել էր նվազել:

Թեև սակավ առ սակավ, բայց արագ կերպով նվազում էր նա, ափերը թողնում և բոլոր արտերին ու մարգերին ոռոգելու չէր բավականացնում: