Այս էջը սրբագրված է

պես կխրի սիրո ընկերոջդ սրտին մեջ։ Եթե շարժես մարմինդ, եթե գալարես զայն, եթե արյունդ արթննա ու գրգռե անհավատ իգությունդ ու պորտ նետես կիսալույսին մեջ, մանր ու ծաղկային ոտքերովդ սահելով գորգին վրայեն, կուրծքերդ ծաղկե կողովներու պես նետելով առաջ, ծունկերդ ցայտեցնելով հեղակարծրորեն մութի շրջագծե մը, Սողոմոն Իմաստունի պես մարդ կրնա այգիին մեջ կենալ, աշնան հղի ամիսներուն ու նոր «Երգ երգոց» մը եղանակել։ Այսպես պիտի գովեմ քու արձակ ու ապօրեն գեղեցկությունդ, որ շատըրվանի մը պես տաճկական թաղին մեջ, մերկ սուրի մը պես՝ պատերազմի դաշտին վրա, հինայած, քիչ մը սյուրմե քաշած, բայց ծաղկափրփուր նշենիի մը պես Սահակ աղայի մրգաստանին մեջ կխնդար մարդոց երեսներուն, այսպես պիտի գովեմ քեզ, ո՛վ Այիշե՛, որ գիշերով զիս ծոցդ ընդունեցիր, անհագուրդ ծարավով մը ընդունեցիր՝ բանալով կուրծքերուդ այգին ու ցանկապատը և հուսահատ ծարավով վեըադարձուցիր զիս հարման, վասնզի քեզմե հագեցում չկա, այսպես պիտի գովեմ քեզ, ո՛վ Մուհամմետի այծյամ, ո՛վ մյուպարեք, ո՛վ աղվոր, ո՛վ պոռնիկ Այիշե...

Ջղուտ բազուկներուն մեջ սեղմեց Այիշեի մարմինը ու բարձրացուց զայն։ Սարսափելի և տաժանելի էր այդ հաճույքը, որ անդամներուն մեջ կգոռար, կորոտար, կթավալեր։ Աճապարանքով և անփորձ մատներով հանեց անոր գիշերազգեստը ու կիսալույսին մեջ, ցավագին ուրախությամբ մը դիտեց զայն։ Վարդագույն շապիկը հազիվ կհասներ թիկունքներուն։ Մարմինը կդողար ուժգին ցնցումներով։ Ճիշդ այդ էր ահավասիկ ի՛նչ որ մարմինը հիվանդ տենդով մը կցանկար։ Մեջքին ու ողնաշարին նուրբ ակոսը, թիկունքներն ու երաստանը, որ լուսնի լույսին մեջ անդիմադրելի շնորհ մը ուներ։ Ճիշդ այդ էր, այդ վայրագ կրքին խուլ պահանջը, ափերը դնել մարմնի այդ սպիտակ ու գիշերային ցայտումին վրա ու լռել։

Աչքերը փակեց ու ծունկի եկավ դաժան ընդդիմությամբ մը։ Ձեռքերն էին, որ խելագար աճապարանքով մը գրկեցին Այիշեի մարմինը կռնակեն, մինչ հոգին խուլ հեծկլտուքով մը կուլար, մինակը, կոկորդին մեջ։

Ո՛չ մեկ օձ ներբանը խածավ, միայն Այիշեի հայելիին