Աղսաբեթ հանըմ պատե պատ չզարնվեցավ մնացյալը ենթադրելու համար։ Դողալեն ափսեն կրկին զետեղեց սեղանին վրա, ակնոցը դրավ տփիկին մեջ ու փորձեց հակառակ իր զգացած խորունկ դառնության, գայթակղության վշտին՝ կացությունը փրկել, դժվար ժամու՝ իր մարդը ազատել նեղ դրութենե։
— Կեննություն է, պե՛ մարդ, բան մըն է եղեր է։ Նայինք քի կարճ կապվի, լմննա...
— Տահա նոր պըտը պաշլայե,— ըսավ Սահակ աղա զսպված բարկությամբ,— մալս կճանչնամ նե՝ անանկ ասոր անոր խոսք-խորաթային մեթալիկ տվողը չէ։ Հիչ վրան իյնալու չի գար...
Ջղայնութենեն համրիչին թելը փրցուց, հատիկները զվարթորեն գլորեցան գետինը։ Բայց այնքան հուզված ու շփոթահար էին, որ չծռեցան հավաքելու համար զանոնք։ Տխուր էին այդ երկու ծերունիները։
— Շաշըրմիշ եղած իմ, Աղսաբե՛թ,— ավելցուց,— աս մյուսյուպեթ գործին մեջեն ընտո՞ր պըտը էլլինք յա՜... էթա գա տե՝ ատ ղալթախին փակի։ Էյլենմիշ էդանք, սանկ շենք, շնորհք շափխընություն մը անես նե գեշ չըլլար ըսինք, ամա արավ հա՜, ըսելիք չկա...
Ոտքի ելավ, իր կթոտ սրունքներուն վրա, ծռեցավ ու փորձեց թեգպիհին հատիկները հավաքել։ Աչքերը սակայն զայրույթեն կշողային։
— Նստե, էս կժողվիմ,— ըսավ Աղսաբեթ հանըմ։
Միասին դանդաղորեն կհավաքեին դեղին, կիսափայլ հատիկները, գրեթե ծունկ ծունկի, փորձելով զսպել, ծածկել իրենց հուզումը։
— Սաքսըն իրեն բան մը չըսես հա,— խնդրեց կինը,— բնությունը գիտես, էս Նշանին կըսիմ, վազ անցնել կուտամ...
— Հե՜յվախ, ի՜նչ կյուզելիմ տղա էր յա՜, Աղսա՜բեթ, ասիկա անելիք բան էր քի արավ...
Դողդոջուն մատներով համրիչին մետաքսե թելը հանգուցեց ու վերստին հատիկները գլորեցան ափին մեջ, դեղին փայլով մը հոսեցան։
— Աս տղուն ցավը ի՜նչ է նե գիտիմ, քեզի ըսի ալ։ Սիրտին նեղութենեն է։ Ճիկ չի հաներ, մարդու չի բացվիր...