Այս էջը սրբագրված է

— Իշտե հիմա մուրատին հասավ։ Սոխախի փիները անգամ կիմանան ալ։ Հայրապետը աղջիկը կուտա՞ մի տաճիկ ղահպեներուն հետ ալըշվերիշ անող մարդուն։ Դուն ըլլաս նե՝ կուտա՞ս...

— Բան մը անելու է,— համառեցավ Աղսաբեթ հանըմ...

— Հեմ տե, շիտտակը կուզես նե, աս պելան չըլլար ալ նե՝ ատ գործին շատ խելքս չէր պառկեր կո։ Հայրապետին աղջիկը նե՝ մեզի, նե՝ ալ Երվանդին մինասիպ է։ Ըսածս գիտիմ, Աղսաբե՛թ,— ավելցուց, տեսնելով որ կինը գլուխը կօրորե,— եվրոպացի քուքլա կնմանի։ Ան օրը տեսա նե՝ հեմեն գիտես քի Թիրինկին մաղազային հանած բերած էին, պզտիկ ալ է...

— Երվանդին չտա տե՝ որո՞ւ պիտի տա յա՜: Աղե՛կ, անուշ աղջիկ է,— ըսավ գրեթե յուրովի։— Ճահիլություն մըն է արեր է, չէ նե տղադ ալ գեշ տղա չէ,— ավելցուց՝ քաղցրությամբ դիմելով Սահակ աղային,— քաղքին մեջ շիֆթը ղոլա չէ գտնել։ Մեր ձեռքեն ի՞նչ կուգա, տղուն սիրտը փակեր է։ Աղբորը հարսնիքեն ետքը՝ դանատսըզ թռչուն դարձավ զավալլըն...

— Ըսողը դո՛ւն ես, կնի՛կ, ատանկ աղջկան մը վրա սեր կապողը Այիշեներու էշիկը չի մաշեր։ Ասոնք բաներ են, քի չեն մոռցվիր։ Իր խըտար մտմտամ նե՝ արունս գլուխս կցատկե կո։ Վա՜յ կիտի Երվանդ, խառնվելիք խա՞լթ էր մի ատիկա, մարդ հորը-մորը վրա կմտածե, կնկա-զավկի տեր աղբարներ ունի...

Թեզպիհը դրավ գրպանը ու գլանիկ մը փաթթեց։ Ալեհեր գլուխը կախ կուրծքին վրա՝ ակնարկը կամչնար կնոջ վրա բարձրացնելե, կարծես հանցավորը ինքն էր։ Գաղտնորեն իր նախընտրած զավկին այդ արարքը՝ խորունկ վերք մը բացած էր սրտին մեջ։

— Աշխարհի վրա օրենք-արդարություն, առ-նամուս ըլլա նե ատանկ օռուսբուներուն տեղը մափուսն է։ Է՛կու տես քի չամչնա նե՝ մյութեսարըֆը պիլե Այիշե պըտը խաղցնե...

Արական ծածուկ հպարտությո՞ւն մը կզգար արդյոք, շատ խորունկը, տղուն հաջողության համար։ Սահակ աղա գիտեր, որ քառսուն շուն ետևեն կպտտեին այդ Այիշեին ու Այիշե իր տղան կսիրեր։ Կյանքի վտանգ ալ կար, գիշերր, մութուն, մո-