լեռանդ թուրք մը կրնար տաճիկ աղվոր կնոջ՝ քրիստոնյա սիրեկանը փռել։ Երվանդ ատոր ալ մեթալիկ չէր տար։ Քյոփօղլուն ե՞րբ վախին ինչ ըլլալը գիտցած էր որ։ Եթե ուզեր ո՛չ Գարաճա Ահմետ, ո՛չ Գող-Տոնիկ, ո՛չ ճեվելեկի Կարպիս կխաղցներ։ Սահակ աղա գիտեր ատիկա։ Աչքը պաղ տղա էր, պաղ կտրիճությամբ։ Անանկ չալըմ, զորպայություն և այլն ընող տեսակեն չէր, բայց քեֆին դպիլը դյուրին չէր: Բռունցքով օր մը գինով տաճիկ գյուղացիի մը ակռաները փշրած էր, ուրիշ անգամ մը հույն մեխանենի մը ծեծած, ոսկորները կոտրելու աստիճան։ Բարկությունն ալ պաղ էր, դիմացինին արյունը սառցնելու չափ ցուրտ, կարծր բարկություն մը։
Տնտնալեն Սահակ աղա ելավ, ոտքի ծայրովը շունը անդին հրեց, հազաց՝ ծխախոտի գեշ, քյություր-քյություր հազով մը, որ մարդուն ողջ մարմինը կցնցե։ Հազաց՝ մինչև որ կուրծքը բացվեցավ ու կոլոզ մը խուխ նետեց գետին։ Խոշոր, գունավոր թաշկինակովը բերանը սրբեց, ձեռքին հակառակ կողմով սպիտակ ու առատ պեխերը շտկեց ու վայրկյան մը հապաղեցավ, կեցած տեղը մնաց։
— Շատ տաղտաղա մի աներ, պե մարդ,— ըսավ Աղսաբեթ հանըմ,— հելպեթ խելքի կուգա, խելքը կլողը տղա է...
— Տանը պատի վը երկու փարայի անելեն ետքը, ուզած ապուրը թող ուտե...
Երեկոյան ժամերգության զանգակը հնչեց, քիրեմիտեներուն վրայեն զանգակին զանգյունները կլոր խճաքարերու պես գլորեցան։ Շունը սկսավ հաչել ու քիչ մը անդին հավերը կտկտացին։ Ու դանդաղորեն ամրան իրիկունը իր մուտքը գործեց անդորր ու տոթահար թաղին մեջ։
Այո՛, չըլլալիք, լըսվելիք բաներ կան կյանքի մեջ։
Կյանքը արդեն գեշ, աղտոտ, ահարկու բան մըն է։ Ձգե՛ մտածածդ, ըրածդ ու ըսածդ անգամ հաճախ չես կրնար ամեն մարդու ըսել: Քանի՞ տարեկան շան լակոտ էր, ութը գուցե։ Հասակը ղարըշ մը չկար։ Մանկապարտեզ մը կերթար ու չէր երթար, այսինքն, եթե քեֆը ուզեր հերկողներուն ու մշակներուն հետ արտերը կելլեր։ Գարնան անուշ առավոտ մը ծաղկոցն էին։ Պատուհաններեն հեղուկ ու գաղջ արև մը կոռոգեր ամբողջ սրահը։ Ուսուցչուհին, որ լեցուն ու ճերմակ կին մըն