8
Մորաքրոջը աղջկան Զարուհիի պնդումներուն վրա, որ զվարճացած կդիտեր զինքը, դեմքին բրնձփոշի քսելու վրա էր, երբ հարկաբաժնին դռան զանգակը հնչեց։
— Զարուհի, դուռն է...
Ըսավ մորաքույրը միջանցքեն։ Աճապարանքով Վարսենիկ մազերը վերջին անգամ մը ևս շտկեց, ափով գրեթե թոթվեց դեմքի բրնձփոշին ու վազեց միջանցք։ Դրան առջև երկվայրկյան մը կեցավ, հապճեպ շտկեց շրջազգեստին ծալքերը, անձկալի ակնարկ մը նետեց ինքն իր վրա ու դուռը բացավ։
Եթե Հելեն իր ճերմակ ու թրթռուն ամառային հագուստին մեջ գեղեցիկ, թեթև, բանաստեղծական էակ մը չէր, հուշկապարիկ մը, հապա ո՞վ էր։ Լայնեզր գլխարկին տակեն անոր խարտյաշ վարսերը կփրփրեին նուրբ քունքերուն վրա ու կապույտ աչքերուն խորը Վոսփորի ծովի ջրերուն ու խաժ երկնքին ամբողջ զվարթ անդորրությունը կար։ Երկվայրկյան մը դիտեցին իրար։ Վարսենիկ՝ ամչնալով ու շառագունելով, իսկ Հելեն սանձարձակ չարաճճիությամբ մը ու մեկեն սկսան խնդալ։
— Օ՜ ,— ըսավ Հելեն,— ի՜նչ սիրուն է, ի՜նչ շնորհալի է այս անպիտան աղջիկը...
Բազուկները բացած առաջացավ ու գրկեց զինքը, այտերուն վրա համբուրեց, միաժամանակ շաղակրատելով, խնդալով, աճապարելով։
— Վա՛րսենիկ, շուտ ըրե,— կըսեր՝ իր դյուրասահ ֆրանսերենին խառնելով հունարեն փաղաքշական բառեր,— դուրսը սքանչելի արև մը կա...
Պահ մը մտածեց, իր զվարթ դեմքը ստացավ քաղցր, հաճելի լրջություն մը, թեթևորեն ծռեցավ իր վրա ու գրեթե ականջին մոտ փսփսաց.
— Քեզի ըսելիք մը, ըսելիք մը ունիմ որ...
Հա՞րկ կար միթե հարցնել, թե ի՞նչ էր այդ ըսելիքը։ Հելենի նուրբ ու անուշ դեմքին վրա գարունը երբեք չէր կրնար այդ քաղցր, անանվանելի լույսը հեղուլ։ Աչքերուն խորը գարնան կարկաչուն ջրերուն զվարթ մելամաղձությունը չէր միայն, որ կցոլար, այլ նաև ներքին անփոխարինելի հրճվանք