խոշոր գավակներով, կգոցեին նեղ սալահատակը։ Թոքաթլյանի մոտերը, քիչ մը ավելի վար՝ հետզհետե ավելի հաճախակի կդառնային եվրոպացի ու լըվանթեն կիներու կիրթ ստվերները։ Միայն գլխարկը չէր, որ կզանազաներ զանոնք արևելքցիներեն, այլ խաղաղ վայելչությամբ մը փողոցեն անցնելու իրենց եղանակը, իրենց շարժումներուն գաղտնապահ շնորհը, իրենց քաղաքակրթված ու նուրբ գեղեցկությունը։ Անտարակույս երբեմն գայթակղեցուցիչ ըլլալու աստիճան ազատ, գրեթե ապերասան էր իրենց քայլվածքը,բայց ատով իսկ, արևելյան այդ հին փողոցներուն մեջ, մթնոլորտ մը կստեղծեին, որ անդիմադրելիորեն կհուզեր զինքը։
Քիչ մը մտացիր կքալեր, թիկունքին վրա զգալով Հելենի մարմնին հաճելի ծանրությունը ու այսուհանդերձ մտիկ ընելով զայն։ Երբ զայն լավ չհասկնար՝ նախադասությունը կրկնել կուտար։ Հելեն ոչ միայն կկրկներ ըսածը, այլև, կդիմեր հունարենի օգնության, որ քիչ մը ավելի ընտանի էր իրեն, քանի որ ամբողջ մանկության ընթացքին իրենց տան մերձակա փողոցներուն մեջ ու ծովեզերքը լսած էր զայն։ Լեզու սորվելու անվիճելի ձիրք ուներ արդեն։ Նույնիսկ եթե ուզեր, կրնար թրքերեն խոսիլ մինչդեռ քաղաքը, իր տարեկից աղջիկները, հազիվ թե կրնային կարգ մը սովորական նախադասություններ հասկնալ։
— Ժանր խոստացավ, որ ամուսնութենեն անմիջապես հետո զիս Եվրոպա պիտի տանի։ Նախ Վենետիկ պիտի երվթաքանք, — ըսավ Հելեն տարափոխիկ խանդավառությամբ մը,— հետո Փարիզ։ Հորս կողմե զարմուհի մը ունիմ, որ տարիներե ի վեր հոն կապրի, Վարսենիկ,— ըսավ ավելի սեղմվելով իրեն,— ժամեր կան, որ ուրախութենես կուզեմ լալ, այնքան երջանիկ եմ...
Անցորդներ կնայեին իրենց։ Ակնարկներ կային, որ կհիշեցնեին Գող֊Տոնիկի շիլ հայացքը։ Համառությամբ կպըտտեին դեմքին ու մարմնին շուրջ, կհապաղեին։ Ընդհանրապես հույն երիտասարդներն էին, որ տեսակ մը հանդուգն անպատկառությամբ կդիտեին, կխուզարկեին գիրենք։ Ի վերջո նեղվեցավ ու իր դժգոհությունը հայտնեց Հելենին։
— Ուզածնուն չափ թող նային,— ըսավ զվարթությամբ Հելեն,— կարծեմ բան մը չենք կորսնցներ։ Մեր հույն տղա