Այս էջը սրբագրված է

Հոս ուրիշ էր, քաղաքը ուրիշ։ Իրիկունները եկեղեցիին բակի ղանախները բառին իսկական առումով ծնծղա կզարնեին։ Դեռ փողոցեն կիրակմուտքի շարականները խունկի քուրումին հետ կուգային ու կթառեին շրթունքիդ։ Կիրակի առտուները հարսնիքի պես զվարթ կըլլար ժամուն բակը, զանգակին անուշ ղողանջյունները կպատռեին առավոտը, մինչ զանգակատան բոլորտիքը տերունական աղավնիներ կտուց-կտուցի կսիրվըտեին, մերթ ընդ մերթ արձակելով իրենց քաղցր վու֊վուն։ Երբ դասեն Կարապետ վարժապետ նշանը տար ու տղաքը սկսեին «Մի՛ ոք երեխայից, մի՛ ոք ապաշխարողաց և անմաքրից» շարականը, տունը օճախին վրա կերակուր ունեցող կիներն ու տղամարդիկը պզտիկ խուրձերով կքակվեին, իրենց հագուստներուն ծալքերուն մեջ տանելով հնաբույր շարականներու համն ու խունկի բույրը։ Կերակուրները անգամ ուրիշ համ մը կունենային կիրակի օրերը։ Պոլսո անուշաբույր ելակը անգամ, որ երկար ու բարակ վզով կողովներու մեջ մորաքույրը էմանեթճիներու հետ կղրկեր, պետք էր քաղաքը ուտել՝ համը առնելու համար։ Կիրակի ցերեկները ճաշը իրապես տոնական ու զվարթ կըլլար, մանավանդ գարնանը։Բայց պատուհանեն պարտեզը կխուժեր ներս, պարտեզը խնդալեն կուգար ներս։ Իր դեղձանիկը Յարըշի կելլեր ու միտ կհաղթեր ասդիեն անդիեն թափած հայլազ թռչուններուն։ Արշավիր Թաթարին հետ գզվըրտելեն կուգար ու միշտ բերնեն հայհոյություն մը կփախցներ ու միշտ խոսքը փտած դերձանի պես կփրթեր՝ հորը խիստ ակնարկին տակ։

Հոս ուրիշ էր, քաղաքը ուրիշ։ Ճաշեն հետո հայրը վերջապես կերթար հայելիի մը առջև ու փողկապը կկապեր ու մի՛շտ, երբ քեֆր տեղը ըլլար, նո՛ւյն երգը կմռըլտար իր խռպոտ ձայնովը։ Թավանը կամ մութվախը իյնալու պետք չկար, այդ չե՛ս գիտեր, ո՛ր թվականեն մնացած երգը գտնելու համար։ Գուցե շատ հին ալ չէր, բայց իրենց կթվեր, թե քառասուն-հիսուն տարի մը կըլլա, որ Հայրապետ աղա կմռլտա զայն։ Ու եղածը չեղածը երկու տող էր, ճի՛շտ փողկապը կապելու չափ։ Որովհետև զայն կապածին պես, կսկըսեր չիղարա մը փաթթել, երգը նետելով ելեկին, գրպանը։