որ ո՛վ գիտե ո՛ր նորոգության մեջ եղող տան շրջակայքեն հավաքած էր։
— Ծե՛ լափխըն,— ըսավ հայրը,— այդ քիրենը ի՞նչ պիտի ընես...
— Վարսենիկին փոլարան հատեր է տե, բերի քի մինչև Ստամպոլ էրթալը նեղը չմնա, մեղք է...
Ո՛չ, կարելի չէր չզայրանալ, հակառակ տված որոշման, ոտքի ելավ, հաջողեցավ բռնել զայն ու նոր ապտակ մը փակցնել։ Զայրույթեն կդողար ու հոգվույն խորը, վշտացած իր նաև հորը դեմ, որ փոխանակ հանդիմանելու կժպտեր։ Կարծես քաջագործություն մը ըլլար տղուն բրածո։
— Տան մեջ ամե՛ն մարդ երես կուտա,— ըսավ դառնությամբ,— հարկավ լեզուն կերկարի...
— Հատե տեֆ եղիր ստեղեն նայիմ,— ըսավ հայրը ձևի համար ու դառնալով իրեն ավելցուց,— աղջի՜կս, տղան կատակ մըն էր ըրավ...
— Մեկ չէ, երկուք չէ որ...
Հուզումեն ամբողջ մարմինը կդողար։ Կզգար, որ բոլորովին կատակ ալ չէ եղբորը ըրածը։ Անպիտանը հայտնապես չէր ուզեր, որ քույրը բրնձփոշի գործ ածե։ Հուզումը ծածկելու համար, ոտքի ելավ ու գնաց ներս։ Ու այդ դեպքեն հետո այլևս չհամարձակեցավ դեմքին բրնձփոշի քսել։ Առանց խոստովանիլ համարձակելու՝ սկսած էր արդեն կարևորություն տալ իր եղբորը կարծիքներուն։
Փըթի-Շանի պարտեզը հետզհետե կլենար ու ինք իբր թե ուշադրությամբ մտիկ կըներ Հելենի ըսածները, բայց հոգին այլուր էր։ Դեռ երբեք այսքան ուժգնությամբ չէր կարոտցած քաղաքը։ Մայրը, հայրը, պզտիկ քույրը՝ միշտ նո՜ւյնն էին, չէին փոխվեր։ Արշավիրն էր միայն, որ ամեն երթալուն, տարբեր կերևար։ Անոր տաք ու առողջ ձայնը կարծես կթնդար ականջին քով։ Առտունները առանց գալ «բարիլույս» ըսելու, չէր հեռանար տունեն։ Ննջարանին դրան բերանը կկենար ու միշտ նոր լրբություն մը կգտներ ըսելիք։ «Օրիորդները ինտորին, աղե՞կ ին» կըսեր, կամ թե «օտանիդ կնիկ կհոտի կո, աղջի՜կներ»։
Անգամ մը երբ մայրը քիչ մը խստորեն կհանդիմաներ Սիրանուշը, ճաշի սեղանին վրա, պատառաքաղը սեղանին