Այս էջը սրբագրված է

— Ծե՛ քյոփօղլու, մենք հախեդ չկրցանք գալ,պելքի Երվանդը կուգա։ Նայե քի, անոր պես շնորհքով մեկը ըլլաս...

Ու արդարև հետևյալ օրը աղվոր, կարմիր ձիու մը վրա հեծած Արշավիր եկավ կեցավ պարտեզին դրան առջև ու բարձրաձայն զինքը կանչեց։ Դեմքը շառագունած էր ու կճառագայթեր ուրախութենեն։ Ձիուն գլխուն վրա հակած՝ բաշերը կշոյեր ու կխոսեր հետը։ Իսկ իմաստուն անասունը կարծես թե կհասկնար զայն։

— Է՛ մեծ քույրիկ, ձի չէ քի՝ կայծակ է, փորին ոտքով կամաց մը դպածիս պես՝ մարդը Ստամպոլ պիլեե կտանի...

Զվարճացած դուրս ելավ դրան առջև ու հաճույքով ձիուն գլուխը դզվեց։ Ռունգերը դեռ տաք էին հոգնութենեն ու կբացխփեին։ Թիկունքները կհևային ու թեթևորեն թրջած էին։ Արևը քաղցր ցոլքերով կփայլեր անոր թավշային մորթին վրա։ Ձեռքը վախով դրավ թիկունքին,բայց անասունը զվարթ աղմուկով մը վրնջեց ու ցնցվեցավ ամբողջ մարմնով։

— Ի՜նչ կվախնաս քա՜,— ըսավ Արշավիր,— մյուսյու Երվանդը ըսավ քի՝ թերպիյելի հայվան է, թեքմե չի զարներ...

— Նայե քի կռնակեն վար չնետե քեզ,— ըսավ մայրը,— մի՛ վախցներ...

— Նետե նե՝ նետե, Սահակ աղան ըսավ քի, մարդ քանի մր անգամ չիյանա նե՝ ձի հեծնել չի սորվիր,հեմ տե՝ քենտի տուշեն աղլամազ, ըսավ։

Այդ ըսավ ու սանձը ձգեց, թեթև մը զարկավ ձիուն փորին ու թռավ, քրոջը և մորը հայացքներուն տակ, որ հանգստացան՝ տեսնելով Երվանդը, որ կիջներ մոտակա փողոցե մը նույնպես կարմիր ձիու մը վրա։ Արշավիր գլուխը դարձուց ու ձեռքով նշան ըրավ իրենց, մինչ Երվանդ ճամբան կշարունակեր առանց ետ նա յելու։


Հելենի անուշ ձայնը երգի մը պես կօրրեր զինքը։ Իրիկվան հովին հետ, զվարթությամբ կշնչեր անոր մարմնին քաղցըր ու թեթև բույրը։ Վզին վրա կարծես մանիշակ կծլեր, մազերուն մեջ կարծես մանիշակի աչուկներ կային: Գորովով սեղմված էր իրեն ու կխոսեր, տարափոխիկ հուզումով մը Ժանի մասին: Ու հանկարծ զղաց անոր նուրբ մարմնին դողը ու լսեց հուզումնաբեկ ձայնը, որ կըսեր.