աստղեր կցոլցլային։ Գունատ լուսին մը դանդաղորեն կսահեր, հեծած ամպի բեկորի մը վրա, դեպի Շիշլիի կողմերը։ Դրացի տունե մը բեկբեկելեն կուգար մանտոլինի զվարթ եղանակ մը։ Նվաղողը գուցե աղջիկ մըն էր, քանի որ մերթ ընդ մերթ երդի քաղցր ծվեն մը կպլլվեր եղանակին։ Պոլսո թեթև գարնանային գիշեր մըն էր:
Ամբողջ ընթրիքի ընթացքին մորաքույրն ու մորքեռայրը հարցումներ տեղացին Երվանգի վրա ու միշտ կարճ պատասխաններ ստացան։ Իսկ ինք գողունի դիտեց զայն ու վերստին քիչ մը զարմանքով տեսավ, որ ո՛չ մեկ կոպտություն կար շարժումներուն մեջ։ Անտարակույս կամ տկար էր և կամ թե տխուր։ Կզգար, որ մերթ ընդ մերթ կժպտի լոկ հաճույք պատճառելու համար խոսակիցներուն։ Սուրճը առնելեն հետո ուզեց մեկնիլ, բայց թույլ չտվին ու խոսակցությունը հանկարծ քանի մը տարիե ի վեր քաղաք մուտք գործած նորույթներուն շուրջը դարձավ։ Մորքեռայրր, ինչպես միշտ, դատապարտեց երիտասարդները ու մորաքույրը մեծ հառաչանքներ արձակելով հիշեց անցյալը, անցյալ լավ ժամանակները, երբ աղջիկներուն երեսը մյուռոն կար։
— Բերանս մազ բուսավ ըսելեն քի՝ կնիկմարդ ըսածդ տեղը ծանր նստելու է։ Եվրոպացիները, Հոռոմները պաշխա՝ մենք պաշխա: Իմացածիս նայելով քաղաքն ալ առեր ցալեր ին։ էմանեթնի Մարտիկը կըսեր կո քի՝ քաղաքը փարա վաստըկողները թոհաֆիեի գործ անողներն ին:
— Քսան-քսանհինգ տարի առաջ ամոթ էր մաղագային կարված բան գնելը,— հարեց մորքեռայրը,— կարգված ատեննին ճիյեզնին հետերնին կբերեին։ Աղջիկը կծներ, կմեծանար տե, մորը ճիյեզնին լաթերը կհագներ։ Խասան թոփով կառնվեր, ամիսներով տունը կկարվեր...
— Թանթելան ալ տունը կհուսեին,— ավելցուց մորաքույրը։— Հիմա կնայիմ տե՝ աշխարհը թերս դարձեր է։ Փարիզեն այդ քաթալոկները, մոտայի դազեթանրը գալեն պերի աղջիկներուն խելքը թեյարեով կթռի կո...
Մորաքույրը և մորքեռայրը անընդհատ կգանգատվեին՝ բայց իրականության առջև տեղի կուտային անշուշտ։ Հին ժամանակները փնտռելը ուրիշ էր՝ իրենց դասակարգի ընտանիքներով հարմարիլը ուրիշ։ Վարսենիկ միշտ հաճույքով