Այս էջը սրբագրված է

— Մաքուր հայերեն խոսիլը ամոթ չէ,— ըսավ Երվանդ,— քաղաքը մեր խոսած լեզուն կես առ կես տաճկերեն է։ Հիներուն վրա խնդալու պետք չկա, բայց քիչ շատ զարգացած երիտասարդներն ալ առանց ամչնալու մաքուր հայերեն խոսելու իրավունք ունենալու են...

Շունչը բռնած Վարսենիկ մտիկ կըներ Երվանդի ըսածները ու իրական ապշություն մը կգրավեր զինքը։ Միշտ կարծած էր, թե Երվանդ քաղքի տղաներու դասակարգին կպատկանի ու անոնց պես կատե նորությունը, հառաջադիմությունը, գեղեցկությունը նույնիսկ։ Գրեթե միշտ զայն տեսած էր իր մշակներուն հետ, գրեթե նույն հագուստներով։ Ու այժմ ստուպ հաճույք մը կզգար լսելով զայն։ Անոր լուրջ ու տրամաբանական խոսքերը մեծ ուրախություն մը կպատճառեին իրեն։ Զարմանքով կնայեր անոր դեմքին ու կանաչ աչքերուն և նո՛ւյն անորոշ անձկությունը կնեղեր ու միաժամանակ երջանիկ կըներ զինքը։

— Ատոր ալ ըսելիք չունիմ,— տեղի տվավ մորքեռայրը, — ամա ան ծերերուն խոսք֊խորաթային վրա խնդալը չկա մի՛ յա, ատիկա իշտե քաշվելիք բան չէ։ Թո՛ղ առաջ էթան, զարգանան՝ ամա մեծերը հարգին...

— Հարգելիքն ալ կա, չհարգելիքն ալ,— ըսավ Երվանդ խորունկ համոզումով մը։— Ազնիվ ծնողքը չսիրելը աններելի է։ Բայց ծնողքին տեսակը կա։ Չեմ գիտեր մի՞տքդ է Ճովինային Մելքոնը...

— Հելպեթ տե, քյոռ֊գինով շանորդին օր չէր անցներ քի փաթըռտը մը չհաներ, քաղքին շուները պիլե կճանչնային զինքը...

— Կնկանը արտը֊ էգին, աղջկան օժիտը խմելեն ետքը, քիչ մնաց որ զայն կարդեր հոռոմ գող մեխանեճիի մը հետ։ Աղջիկը Ճովինա Մելքոնին ի՞նչը հարգե...

— Հա՜ յա, էմանեթճի Մարտիկեն լսեցի,— հարեց մորաքույրը, — զավալլը աղջկան անունը պըտը մտնե էղեր, մազ մը մնացեր է, ատանկ շուները սատկեցնելու է...

Վարսենիկ նկատեց, որ Երվանդի օձիքը օսլայած էր, փողկապը խնամքով կապված։ Կուրծքին վարի կողմը ոսկի֊հաստ ժամացույցի շղթա մը կար։ Երբ ձեռքը եէլեկին գրպանը խոթեց ժամը նայելու համար, Վարսենիկ տեսավ, որ ոսկի