Այս էջը սրբագրված է

նուրբ ժամացույցին քովեն սիրուն, փոքրիկ մետալյոն մը կախված էր։ Անշուշտ Երվանդ նկատեց այդ հայացքը, քանի որ ժպտեցավ ու քիչ մը ամչնալով ըսավ.

— Հայրիկիս և մայրիկիս պատկերներն են։ Մեր Նշանին մարիֆեթն է...

— Վա՜յ կիտի Սահակ աղա,— ըսավ մորքեռայրր՝ քննելով մանրանկարը,— Աստված երկար կյանք տա, խերերնիդ տեսնե, տղա՛ս...

— Շնորհակալ եմ, — ըսավ Երվանդ։

Պատրաստվեցավ բարձրանալ, գլանիկը մարեց ու մոխրամանը դրավ սեղանին վրա։

— Նստեր ես՝ նստե իշտե,— բողոքեց մորքեռայրը,— անուշ-անուշ մուհապեթ կանինք կո։ Ծե՛, Երվանդ,— ավելցուց ընտանորեն,— շիտտակը ղապահաթդ մեծ է, իրեք տարիե հոս ես տե՝ անգամ մը մտքեդ չի անցներ գալ։ Կենե քաղքի յապանիությունեն վրադ շոշորթ մը մնացած է, սիրտդ չկոտրի...

Երվանդ Ժպտուն գլուխը ցնցեց ու համակերպվեցավ նստիլ։ Ու իրեն թվեցավ, թե ատիկա հաճույք պատճառեց իրեն։

— Պելլի էղավ քի դուն ալ «նոր սերունդ» ես, ամա ղաֆատենկի տղա ես եղեր, էկու թաֆլի մը նետինք քեզի հետ...

Մորաքույրը բողոքեց։

— Ձգե՛ պե մարդ, տահա սյուրյու մը հարցնելիք ունեմ... Աղջիկներն ալ փիանո կչալեին, մտիկ կանեինք...

— Ձեռքերնուն բռնողը վո՞վ է։ Զարուհի, սըտեղեն թաֆլըն բեր նաքինք...

Դաշնակին ձայնը լսելուն պես, ինք դուրս փախավ։ Նրբանցքեն գլուխը ետ դարձուց ու վերստին մարմնին վրա զգաց Երվանդի ակնարկը։ Տերևի պես սկսավ դողալ:

— Վա՛րսենիկ, աղջի՛կս, ադ չի վայելեր իշտե, ներս է՛կո նայիմ։ Չպըտը զարնենք նե՝ ինչո՞ւ կսորվիք կո յա։ Զա՛րուհի, հատե պաշլայե նայիմ...

Մորքեռայրը նարդին բացավ ու զարը ձգեր։

— Մենք խաղանք,— ըսավ դառնալով Երվանդին,— կես սահաթ մը նազ կանին փիանոյին էռջին նստելու համար...