|
1
Երբ ծովեզերք հասան, վազելով իրարու ետևե, հևիհև ու սուր, զվարթ ճիչեր արձակելով՝ շաբաթ երեկոյան զանգակները կհնչեին արդեն։ Եալըն գրեթե ամայի էր։ Պայծառ, անգայտ միջոցին մեջ կհածեր ծովին աղի բուրումին հետ շրջակա ցորենի արտերուն, վայրի սալորենիներուն, մասրենիներուն և պտղատու ծառերուն բուսական առողջ հոտը։ Ծովը անուշ աղմուկով մը կսպառեր ավազուտքին վրա, խաղալով խճաքարերուն հետ։ Ու ամեն խաղացք հետը կբերեր սպիտակ ու ոսկի փրփուրի վաղանցիկ հեղեղ մը։ Արևը իր խարտյաշ քողը կձգեր լւսյն ճամբուն վրա, կհամբուրեր ծառերուն կատարները, կլողար կապույտ ջրերուն մեջ ու կերթար կընկըղմեր ցորենի ծփուն ալիքներուն խորը։
— Վարսենի՜կ, Վարսենիկ,— հնչեց աղջկան ուրախ ձայն մը,— եկուր տերմենին քովեն պիտի երթանք...
Վարսենիկ կեցավ Համբուն եզերքը, փորձեց խառնիխուռն վարսերը շտկել ազատ ձեռքովը, մինչ աջ անութին տակեն դաշտի ծաղիկներ կհորդեին։ Իր մատղաշ ու նորափթիթ կուրծքերը կելևէջեին ու ամբողջ երիտասարդ մարմինը առողջ հոգնությամբ մը կհևար։ Նստավ արտի մը եզերքը ու ծաղիկները գոգը պարպեց, մինչ ընկերուհիներուն շաղակրատ ձայները հետզհետե կմոտենային: