Այս էջը սրբագրված է

երբ ժամվորները կքակվին ու վերերեն կովերը բառաչելեն կիջնեն, լեցուն ծիծերով, երբ տունը օլուխ—չոճուխ ունեցող ռենչպեր կիները քիչ մը կանուխ արտերեն քաղաք կիջնեն՝ նարկիլե մը քաշելեն ավելի քեֆլի բան չկա աշխարհիս վրա։ Արևին մեջ կնստիս, ցած աթոռի մը վրա, ծերունի անդամներդ երկարած ամրան ջերմ համբույրին ու քիչ մը կզարմանաս, թե ինչո՞ւ այդքան ուժ ու երիտասարդություն կվատնեն աս ու ան կնկան համար։ Բայց անգամ մը ուշենմիշ մի ըլլար ու մինչև մյուս թաղը երկարե, սանդուխներեն բարձրացիր ու դուռը բաց ու տես, թե կրնա՞ս հարազատ աղջկանդ պես չսիրել այս անուշ աղջիկը։ Հուզումը կուռեցներ լանջը ու աղվոր, բարակ ու թրթռուն հագուստին մեջ ազատորեն շնչող կուրծքերը կելևէջեին։ Արտասուքի ջինջ կաթիլներ կցոլային թարթիչներուն եզերքը ու մատները տրտում շնորհով մը կսահեին ստեղանիներուն վրա։Ի՜նչ հուզիչ ու զվարթ էր միաժամանակ այդ «Գեղեցիկ, կապույտ Դանուբը»: Արևի խոլ ճւսռագայթ մը վարսերը կոսկեզօծեր, իր ոսկի փոշին կհեղուր կզակին վրա, կգգվեր վիզը ու կիջներ կողողեր ձեռքերը, որ կվազեին, ստեղանիները՝ որ քաղցր, հեղուկ հնչյուններ կարձակեին։ Տարապայմանորեն թափանցիկ ու լուսավոր էր դեմքը հիմա։ Մութ լեղակագույն աչքերը կնմանեին խոշոր ու ներքին ցոլացումներ արձակող գոհարներու, կնմանեին աղվոր պտուղներում որ խորունկ լույսով մը կվառին։

Կուրծքերը ևս կվառեին, հակառակ ամրան տոթին՝ իր զմայլելի մարմինը ջերմի մեջ էր։ Եղանակին հետ, որ սպառեցավ, ձեռքերը մնացին դաշնակին վրա՝ լքված ծաղիկներու պես։ Լոկ խորունկեն, դաշնակին ընդերքներեն խուլ հեծկլտուք մը կբարձրանար։ Տաժանելի հաճույք մը կզգարք տառապանքով խառն հաճույք մը։ Գիտե՞ր միթե, որ սիրո հատկացված երիտասարդ կնոջ ճակատագիրն է, որ կսկսի։ Գիտե՞ր միթե, թե հեշտության, սիրո հաճույքին առաջին վիճակն է ատիկա, մարմնին այդ անորոշ, ներքին, ալեկոծ ու ցավագին անձկությունը։


Ու քանի օրերը սահեցան՝ այնքան այդ սիրո ցանցը սեղմվեցավ իր շուրջը։ Հարմանը շտեմարան նետեցին, թե ոչ, անձրևները սկսան։ Վաղահաս անձրևներ էին, գեշ անձրևներ՝