Այս էջը սրբագրված է

փյուններ կելլեին։ Վարսենիկ մեծ հաճույքով մը կդիտեր այդ երիտասարդ աղջիկները ու հոգվույն խորը քիչ մը կնախանձեր։ Անոնցմե մեկը լեցուն, հարուստ կուրձքերով, լի զիստերով աղջիկ մըն էր, Առսըզ Մարիձան, որ քաղքին մեջ համբավ հանած էր իր համարձակախոսության պատճառավ։ Ձեռքերը դրած կառքի եզերքին վրա, կուրծքը կախած՝ շվայտ ուրախությամբ մը կթնդեր, երիտասարդ անասունի ճիլեր արձակելով։ Մերկ ծունկերեն քաղցուն հորդելով կհոսեր, զիստերը թրջած էին, ակռաներով ողկույզ մը խածած էր ու մերթ ընդ մերթ մեկ ձեռքը կազատեր՝ զայն կարենալ խածնելու, ճերմակ ակռաներուն տակ ճզմելու համար։ Այնքան խոլ, սանձազերծ ու մեծ էր ուրախությունը, որ եթե ձգեին կրնար ծունկերով կոխկրտել դեզը, կրնար մերկանալ ու թավալիլ խաղողին մեջ։ Ոտքերու ամեն մեկ հարվածին հետ իր խոշոր կուրծքերը կցնցվեին ու ծռած ըլլալուն ամեն ցնցումի՝ ճերմակ ցոլք մը կելլեր մարմինեն։ Դրան շեմին վրա մորը ու Աղսաբեթ հանըմի միջև կեցած՝ հափշտակությամբ կդիտեր զայն ու գրկել համբուրելու զվարթ փափագ մը մարմինը կցնցեր։

— Պոշ տեղը չէ քի՝ Առսըզ Մարիձա կըսեն քեզի,— ըսավ Աղսաբեթ հանըմ ժպտուն,— չես ամչնար քա՜, ադ խոշոր ծիծերդ մեյտանը ձգեր ես...

— Ի՜նչ անիմ յա,— պատասխանեց աչքերը կախելով՝ բայց զվարթությունը մարմինը կլուսավորեր,— ճիյեզիս սնտուկը չպրտը դնիմ յա։ Աստծո տվածեն մարդ կամըչնա՞ հիչ, Աղսաբեթ հանըմ...

Առողջ, սքանչելի էգ մըն էր այդ Առսըզ Մարիձան ու վայրագորեն պարկեշտ։ Ուրախությամբ հասակը շտկեց, խոշոր, արևավառ, դեռ ոտք չդպած ողկույզ մը զատեց ու երկարեց իրեն։ Համակրության այդ ապացույցը անսահման հրճվանքով մը լեցուց հոգին։ Փեշերը ժողվեց ու ելավ անիվին վրա ու բռնեց այդ ողկույզը։ Ուտելով հանդերձ կդիտեր զայն, քաղքի այդ զվարթ աղջիկը, որուն ամբողջ մարմնեն առողջությունն ու հաճույքը կհորդեր։ Հուզումով՝ անոր աչքեբուն մեջ տեսավ գորովի և զմայլանքի անզուսպ արտահայտություն մը։ Քանի մը սիրալիր բառեր ըսավ ու ցատկեց գետին։ Ողջ